Բոլոր ստանդարտներով Հայաստանը միջակ, որոշ դեպքերում էլ միջակից էլ ցածր կրթական համակարգով երկիր է։ Միջազգային ստուգատեսներում , համենայնդեպս, այդպիսի արդյունքներ են գրանցված, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով երեկ մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարարի հնչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանը համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձն ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում։
«Մենք կրթության ցուցանիշներով աշխարհում 60-րդ տեղում ենք։ Եթե իր այս հայտարարությամբ Ժաննա Անդրեասյանը նկատի ունի մասնավորապես Տավուշի մարզի չափորոշչի փորձարկման 2-ամյա արտաքին անկախ գնահատման արդյունքները, ես այս մասով, իհարկե, չէի շտապի գնահատականներ հնչեցնել։ Ժամանակը ամեն ինչ ավելի լավ ցույց կտա, բայց մենք միշտ պետք է ի նկատի ունենանք, որ Հայաստանում, երբ ինչ-որ բաներ են արվում, ընթացքում նաև շատ կեղծիքներ են արվում։ Այսինքն՝ դուք կարող եք երեխաներին գրավոր հանձնարարել, բայց հետո պարզվի, որ աշակերտներն արտագրել են իրարից կամ, ասենք, ուսուցիչներն օգնել են նրանց։ Հետևաբար նման տվյալների հիման վրա ես եզրահանգումներ դեռ չէի անի»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ չափորոշիչն այն փաստաթուղթն է, որի արդյունքները մի քանի ամսում կամ մեկ-երկու տարում չեն երևում։
«Ենթադրում եմ՝ նախարարը գիտաժողովի կամ կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է, որ ՀՀ Տավուշի մարզում «հսկայական առաջընթաց» է արձանագրվել, և ինչ-որ երկրներ զարմացել են՝ «այդ ի՞նչ եք արել, որ 3 տարում ձեր երեխաները 6 ամսվա առաջընթաց ունեն»։
Իսկ թե ինչու է Ժաննա Անդրեասյանը նման շտապողականություն դրսևորում, պարզից էլ պարզ է. կրթության նախարարը քաղաքական պաշտոնյա է, կրթությունը քաղաքականություն է և նաև բիզնես, և պետք է արագ արդյունքներ ցույց տալ։ Այսինքն՝ եթե նախարարն ասի՝ «պարո՛ն վարչապետ, արդյունքները կլինեն 5-10 տարի հետո, կամ դրանք դեռ հավաստի չեն, դա քաղաքական տեսանկյունից բոլորովին ընդունելի չի լինի։ Պետք է ժողովրդրն ներկայացնել ձեռքբերումներ, դրական լուրեր, սպասումներ, որպեսզի ժողովուրդն ընտրությունների ժամանակ ընտրի իշխող ուժին»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։
Ամփոփելով՝ կրթության փորձագետը կրկին ընդգծեց՝ այնպես չէ, որ մեր երկիրը կրթության ոլորտում հետամնաց երկիր է, բայց ակյնպես էլ չի, որ առաջամարտիկ է։
«Սակայն եթե նայենք բուհերի ֆինանսավորմանը, մենք աշխարհի հետամնաց երկրների շարքում ենք, բայց ինչ-ինչ չափանիշներով միջակ ցուցանիշներ ունենք»,- ասաց Խաչատրյանը։