Մեծ հաշվով խնդիրն այլևս այն չէ, թե ինչպիսին է Փաշինյանը և ինչ է անում: Նա իր անձնական և քաղաքական վերջնախաղում է: Խնդիրը լայն առումով նրանում է, որ նրա համակարգում, նրա կողքին, նրա ենթակայության տակ չկան էնպիսինները, որոնք նրան ասեն՝ կանգնիր, բավ է, չի կարելի, արածդ անթույլատրելի է, համաձայն չեմ և հենց այդ պատճառով այլևս այս ամենի մաս ուղղակի, թե անուղղակի չեմ ուզում լինել: Խոսքը միայն նրա ՔՊ-ական էշելոնի մասին չէ, էնտեղ որակի մասին խոսելն ավելորդ է:
Խոսքը Փաշինյանի քաղաքականությունը հողի վրա իրագործող պաշտոնյաների մասին է, թերևս նրանց ընտանիքների, ծնողների, ընկերների, միջավայրերի մասին, որոնք այս ամենի մաս և այս ամենի թույլատրելիության և նորմալականության պատասխանատվությունը որևէ պարագայում և որևէ արգումենտով իրենց վրայից գցել չեն կարող: Էդպիսի մարդիկ բոլորիս շրջապատներում կան և իրենց դիրքավորում են որպես մասնագետ, բյուրոկրատ, պաշտոնյա ովքեր պետական աշխատողներ են և իբր քաղաքականության մաս չեն, ապաքաղաքական են:
Ես հենց այդ պատճառով եմ ատում ապաքաղաքական բառը, որովհետև այն դարձել է աճպարարության և խույս տալու լավ ձև, ինչը խժռում է պետությանը: Սա իհարկե վատ ալիբի է, որովհետև նրանք լավ են հասկանում, որ Փաշինյանի քաղաքականությունը իրողություն է դառնում հենց իրենց միջոցով: Իրենք ոչ թե այլևս պետության ոլորտային քաղաքականության իրականացնողներն են այլ վաղուց Փաշինյանի սեփական քաղաքական կամքի կամակատարները, որ ոլորտում էլ լինեն:
Ձեզ հետ զրույցներում թույլ մի տվեք այդ մարդկանց ալիբիներով խոսել ձեզ հետ և օտարվել Փաշինյանից: Ամեն բան այլևս այնքան եզրային և կործանարար է, որ այս պետության հայկական լինելու պաշտպանության և գոյության համար իբր պետության համար աշխատող բյուրոկրատական և մասնագիտական ապարատին հանրային պարսավանքի և վերահսկման գոտիներից դուրս թողնելը մեծ, շատ մեծ շռայլություն է:
Էնպես չէ, որ նրանք չունեն այս ամենի կործանարար լինելու գիտակցումը, մեծամասնությունն ունեն: Բայց նրանց կախվածությունները, հիմնավորումները, նյութական միջոցների, ընտանիքի, սոցիալական կախվածությունը չպետք է դառնա գերակայություն և վառելիք բոլորիս պետության և բոլորիս կերպի ու բնույթի խեղման համար, ինչն էլ իրականություն է դառնում արդեն արագ քայլերով:
P.S. Տղերք, ձեզանից որևէ մեկը ինձանից խելոք չէ, ինձանից արժանավոր չէ, ինձանից նվիրյալ չէ, ինձանից լավ չի տիրապետում իր գործին, ինձանից լավ ընտանիք չունի, լավ ընկերներ չունի, ինձանից շատ կորցնելու բան չունենաք:
Ի տարբերություն Ձեզ ես չեմ վախենում սրանցից: Ես վախենում եմ նրանից, թե ինձ, ձեզ , բոլորիս ինչ է մնալու ու դա ինչ է լինելու, եթե սրանցից շարունակեք վախենալ:
Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ