Բեռլինի ոստիկանության ծանուցումից իրազեկ ենք դառնում, որ մարտի 15-ին, ժամը 11-11.30-ին Հարդենբերգշտրասե 16 հասցեում հավաքի արտոնություն է տրվել ՝ «Ի հիշատակ արդի Թուրքիայի ճարտարապետ եւ հեղափոխական Թալեաթ փաշայի սպանության»: Ու՞մ է տրվել, ո՞վ (ովքե՞ր) է կազմակերպիչը, տեղեկություն չկա:
Նույն օրը ժամը 11-ին Բեռլինի Հարդենբերգշտրասե 22 հասցեում հանրահավաք է նախաձեռնել Ռասիզմի, ազգայնականության եւ խտրականության դեմ ակտիվիստների միությունը( AKEBI):

Ռասիզմի, ազգայնականության եւ խտրականության դեմ ակտիվիստների միությունը ( AKEBI)-ն մարտի 15-ին ժամը 11-ին Հարդենբերգշտրասե 22 հասցեում քննում է գերմանական ռայխի եւ օսմանյան կայսրության ներհյուսված պատմության մեջ «Ցեղասպանության պատասխանատուներից մեկի՝ Թալեաթ փաշայի դերը»:
1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Հարդենբերգշտրասեում դիմահար կրակոցով սպանեց Թալեաթին: 105 տարի անց նույն օրը AKEBI-ի անդամները երթ են իրականացնելու «Սփյուռքում հայերի (կյանքի) հետքը» խորագրով՝ քննելով իրողությունները գերմանական ռայխի եւ օսմանյան կայսրության ներհյուսված պատմության լույսի ներքո:
Գերմանահայ համայնքի, կազմակերպությունների անդամները վրդովված են: ԳԴՀ իրավապահ մարմիններին հանրահավաքն արգելելու գրավոր հորդոր են ուղղել շատերը, նաեւ՝ Գերմանահայ իրավաբանների միությունը, Գերմանահայ ուսանողների «Միասին» միությունը:
«Ոճրագործներին հարգանքի տուրք մատուցելը չպետք է հանդուրժել», ֆբ-ում հայության բողոքն է գերմաներեն ձեւակերպել Գերմանահայոց առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը: Միջոցառումը, որը մեծարում է ոճրագործին, նրան ներկայացնելով որպես «հեղափոխականի, արդի Թուրքիայի ճարտարապետի», անտեսում է պատմական պատասխանատվությունը և վիրավորում զոհերի հիշատակը: Վտանգում է հարաբերականացնել կամ նսեմացնել պատմության ամենամութ դրվագներից մեկը: Սա խնդրահարույց է հատկապես Գերմանիայում՝ մի երկրում, որի խորհրդարանը՝ Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ին բաց քվեարկությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հատկապես այն պետությունը, որը հանձնառու է պատմական հանցագործություններին առերեսվելու, հիշողության մշակույթի հանդեպ պատասխանատվության, պարտավոր է հատուկ զգայունություն ցուցաբերել պատմական վարկաբեկված անձանց հանրային հիշատակի հանդեպ»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա





