Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին ստանալ պետական և ազգային նպատակներով ձևավորված հաղթանակի ու պետության անկումը: Այս մասին այսօր՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Հոկտեմբերի 27-ով դա անել չստացվեց: Մեր պետականությունն, այո՛, գլխատվեց, սպանվեց սպարապետը, բայց նրա թիմակիցները, իր զինակից ընկերները կարողացան պահել պետությունն ու ազգային նպատակներով 30 տարի շարունակել երկու հայկական պետականության պահպանությունը: Բայց 2018 թվականի պետական հեղաշրջումը, Նիկոլին իշխանության բերելով և այդ աթոռը զավթելով, կարողացան ստանալ այն, որ հայ հասարակության իմունիտետն այլևս ի զորու չեղավ պահպահելու մեր պետականությունները»,- ասաց պատգամավորը։
Ըստ Աննա Մկրտչյանի՝ եթե կարողանանք բացահայտել 2018 թվականի պետական հեղաշրջում կազմակերպող բոլոր դերակատարներին, Հոկտեմբերի 27-ի հետ կապված շատ հարցերի պատասխաններ կունենանք:
Հարցին՝ Փաշինյանն ի՞նչ հիմքեր ունի հայտարարելու, թե Հոկտեմբերի 27-ը բացահայտվել է, պատգամավորը պատասխանեց՝ անձամբ Փաշինյանի համար միգուցե բացահայտված է։
«Որովհետև ինքը հո լավ գիտի՝ ովքեր են իրեն այստեղ իշխանության բերել, ովքեր են զավթել ՀՀ ղեկավարի աթոռն ու ինչպես են կարողացել իրեն այստեղ բերել ու կարգել ղեկավար և կառավարիչ, ինչի արդյունքում դավաճանության ու կապիտուլյացիայի այս ողջ ցավի մեջ ենք ապրում: Եռաբլուրն էլ վկա այդ ցավին»:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ, օրինակ Անդրանիկ Քոչարյանy 7 Սասուն Միքայելյանն ասում են՝ Հոկտեմբերի 27-ը դեռ բացահայտված չէ, Մկրտչյանը նկատեց.
«Անդրանիկ Քոչարյանն այս պետության դժբախտությունների շահառուներից մեկն է: Ինքն այդ դժբախտությունների վրա կարիերա է արել, կայացել է, շահարկել է այդ դժբախտությունները: Մեր հաղթական պատերազմները փորձել է օգտագործել կարիերայի` ևս մեկ աստիճանով բարձրանալու համար: Նույնն արել է 44-օրյա պատերազմի՝ իբր քննիչ հանձնաժողով ստեղծելով ու իբր ինչ-որ ճշմարտություններ բացահայտելով»:
Ինչ վերաբերում է Սասուն Միքայլեյանին, պատգամավորը հիշեցրեց վերջինիս՝ 2018 թվականին հնչեցրած այն հայտարարությունը, որ հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը։
«Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ՝ այսպիսի արժեհամակարգով»,- հարց հնչեցրեց Աննա Մկրտչյանը:









