Մտահոգության առիթ է Ֆրանսիայի կողմից առաջ քաշված արշավը, որն ուղղված է Հայաստանի ռազմականացմանը և ավելի մեծ ռազմական մատակարարումներին՝ ներառյալ մահաբեր և հարձակողական զինատեսակների վերաբերյալ նոր խոստումներին. ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։
Ադրբեջանի անհանգստությունը կապված է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի հետ:
Թշնամի երկիրը նաև մտահոգություն է հայտնել, որ ԵՄ անդամ Հունաստանը վերջերս հայտարարություններ է արել Հայաստանի հետ ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ:
Ուրեմն իրենց զինվել կարելի է, մեզ՝ ոչ։ Իրենք կարող են նոր ձեռք բերած միլիարդավոր դոլարների զենքերի լուսանկարներն ու դրանց մասին հրապարակումները հանրայնացնել, իսկ մենք ռազմական համագործակցության մասին նվազագույն հայտարարություն անգամ չենք կարող անել։
Ահա թե ուր են տանում մեզ «խաղաղության» խաչմերուկներն ու պայմանագրերը, խաղաղություն մուրալն ու անողնաշար քաղաքականությունը։
Իրենք իրավունք ունեն խոշորացույցով ու հեռադիտակով հետևելու Հայաստանի ամեն շարժին, որտեղից մի երկու փամփուշտ ու զրահամեքենա բերեցինք, ում հետ նստեցինք-վեր կացանք, իրավունք ունեն ամեն օր զորավարժություններ անել և սպառնալ, թե Ադրբեջանը խաղաղություն ասելով հասկանում է ուժն ու սպառնալիքը, իսկ մենք պետք է միայն խաղաղության խաչմերուկի նկարն ու Հայաստանի փոքրացած խաղալիք-քարտեզը թափահարենք ու Ալիևից գթասրտություն աղերսենք։
Աշխարհի ոչ մի իշխանություն իր երկիրն այս աստիճանի ստորացուցիչ, նսեմ կարգավիճակի չի հասցրել, որքան մերը։