Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և ԱՄԷ նախագահ, Նորին Մեծություն Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահայանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և մի շարք տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ասադը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ Սիրիան «կշարունակի պաշտպանել իր կայունությունն ու տարածքային ամբողջականությունը բոլոր ահաբեկիչների և նրանց աջակիցների դեմ, և որ ի վիճակի է իր դաշնակիցների և ընկերների օգնությամբ ջախջախել և վերացնել նրանց, անկախ նրանից, թե որքան ինտենսիվ կլինեն նրանց ահաբեկչական հարձակումները»։
Շեյխ Մուհամեդ բեն Զայեդն իր հերթին վերահաստատել է իր երկրի աջակցությունը սիրիական պետությանը և ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կայունության հաստատմանը։