Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Բայրամովը հայերին նորից անվանել է սադրիչ ու պարտադրել դուրս գալ «ադրբեջանական» 8 գյուղերից

Հայաստանը պետք է դուրս գա ադրբեջանական ութ գյուղերից (անկլավներից): Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ամփոփելով անցնող տարվա քաղաքական պատկերը։

«Սահմանազատման գործընթացը, որքան էլ որ բարդ լինի, պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով՝ բոլոր փաստաթղթերի իրավաբանական ուսումնասիրությանը զուգընթաց:

Անհրաժեշտ է առաջ շարժվել քայլ առ քայլ: Այս համատեքստում առկա է ութ գյուղերի հարցը, որտեղ հարյուրամյակներ շարունակ ապրել են ադրբեջանցիներ: Ուստի այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին»,- ասել է Բայրամովը: Նա նաև կոչ է արել Հայաստանին դադարեցնել «սադրանքները սահմանին»: