Արցախում կատարվածը ցեղասպանություն է։ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության վերջին երկու զեկույցներում նշել են 700 ցեղասպանագետներ։
Նույնը կատարվում է նաև Պաղեստինում, վստահ է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը. «Հարկավոր է հանգիստ չտալ միջազգային կառույցներին՝ կանխելու համար Ադրբեջանի նախագահի ցեղասպանական հայտարարությունների շարունակական իրականացումը»։

«Արցախն ու Պաղեստինն աշխարհաքաղաքական զարգացումների թոհուբոհում» խորագրով կլոր սեղան-քննարկման մեկ այլ բանախոս՝ արևելագետ Արմեն Պետրոսյանն ասել է. «Իսրայելի իշխանությունները, որքան էլ ձգտում են, միևնույն է, չեն կարողանա Արցախում կատարվածը կրկնել Պաղեստինում։ Ի տարբերություն Արցախի՝ Պաղեստինը միայնակ չէ. մուսուլմանական երկրները միահամուռ դեմ են Պաղեստինի արաբազրկմանը և պնդում են, որ Գազայի հատվածի բնակչությունը պետք է մնա՛ և ապրի՛ իր պատմական հայրենիքում»։

Միջազային ուժերի արդարամտության վրա հույս դնելն ավելորդ է, ըստ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Ավետիք Իշխանյանի։ Նա հավատացած է. «Պետք է ազգային գաղափարախոսությամբ, նվիրյալ պետական-քաղաքական գործիչներից բաղկացած վերնախավ, որն արագորեն, ցանկացած միջոցով, կվերցնի իշխանությունը և ձեռնամուխ կլինի իրական ազգ-բանակ, պետություն-ամրոց կառուցելուն»։

Այդ հարցում հաջողելու համար Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կարծիքով խիստ անհրաժեշտ է՝ առանց ամաչելու, ախտորոշել մեր բոլոր հիվանդությունները. «Ցավոտ է լինելու, բուժումն՝ էլ ավելի ցավոտ, բայց պետք է լիարժեք բուժվենք բոլոր ախտերից, որոնք թույլ չեն տալիս մեզ կայանալ որպես ազգ: Այս ճանապարհն անցնելու համար անսահման աստվածասիրություն եւ անսահման հայրենասիրություն է պետք մեզ»:

Արցախյան պարտության պատճառները և պաղեստինյան փորձառությունը. քննարկում Երևանում Իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդյանի խոսքն ախտորոշում է հիշեցրել։ Նրա կարծիքով՝ Հայաստանի սխալը Արցախը Բաքվի վարչակարգի մաս ճանաչելն էր, Հայաստանի իշխանությունների կողմից Բաքվի աստիճանական առաջխաղացումներին լուրջ դիմադրություն ցույց չտալը, ներքին քաղաքական հակադրությունները, սխալ բարեկամների ընտրությունը և ի վերջո՝ ժողովրդի դիմադրության ոգու անկումը։
«Ոչ ոք չի կարող Հայաստանի համար առավել սրտացավ ու շահախնդիր լինել, քան հենց ինքը՝ Հայաստանի ժողովուրդը: Հայաստանի վերնախավը և հայկական հզոր սփյուռքը ներկա վիճակում բոլորից ավելի լավ կարող են լծվել երկրի փրկության գործին: Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարևոր է Իրանի ժողովրդի և պետության համար, քանի որ Հայաստանն Իրանի շնչափողն է»,-ասել է Մովահեդյանը և առաջարկել ուշադրությամբ քննել ու վերլուծել Գազայի հատվածի այս մեկ ամսվա իրադարձությունները, քանի որ այդկերպ կարելի է կարևոր դասեր քաղել հայ ժողովրդի դիմադրողական ոգու խթանման համար:

«Պաղեստինի փորձառությունը հուշում է, որ կարևոր է պատրաստ լինել տևական պայքարի և չհանձնվել ո՛չ տարածաշրջանում խաղացող գերուժերի, ո՛չ էլ ներքին խարդավանքների ընթացքին։ Առաջիններն իրենց շահն են քաղում Արցախի և Պաղեստինի պատերազմներից։ Իսրայելը նույնպես, մեղմ ասած, ձեռնունայն չէ, չնայած իր մարդկային կորուստներին։ Մեր խնդիրն է խուսափել այդ ուժերի բախման հերթական տարածք դառնալուց, անկախ նրանից, որ ի տարբերություն Պաղեստինի՝ չունենք որևէ լուրջ աջակցություն»,-ասել է քննարկման նախաձեռնող՝ «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ-ի համակարգող Վազգեն Պետրոսյանը։

Շուրջ մեկ տասնյակ փորձագետները՝ Հայաստանից, Իրանից եւ Լիբանանից, քննարկման ընթացքում ներկայացրել են տարբեր տեսլականներ, բայց համակարծիք են հայության ներուժը կենտրոնացնելու և իրավիճակը մեզ համար շահեկան փոփոխության հասնելու իրական հնարավորության հարցում, որի համար պարտադիր պայման են համարում հայակենտրոն իշխանության առկայությունը։