Արցախի Հանրապետության 40 հասարակական կազմակերպություններ բաց նամակ են հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ խնդրելով քննարկել Արցախում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտված միջազգային լրացուցիչ խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Շուրջ երեք տասնամյակի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ այնուհետև՝ նրա երեք համանախագահները, ունենալով համապատասխան միջազգային մանդատ, առաջատար միջնորդական դեր են խաղացել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու ուղիների որոնման գործում՝ բացառապես խաղաղ ճանապարհով՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։ Հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդգրկել են նաև այնպիսի կարևոր սկզբունքներ, ինչպիսիք են ազգերի ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա պիտի որոշվի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերջնական կարգավիճակը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։ Սակայն 2020 թվականին, Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ի չիք դարձրեց հակամարտության խաղաղ կարգավորման ողղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմամյա ջանքերը։
Վստահ ենք, որ ուժի ապօրինի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը չի կարող և չպետք է ճանաչվի որպես հակամարտության համընդգրկուն կարգավորման մեկնակետ։ Արցախի Հանրապետության կարգավիճակն առաջվա պես կարիք ունի միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը՝ Մերձավոր Արևելքի երկրներից միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հարյուրից ավելի հայ ռազմագերիների ապօրինի պահումը և ռազմական այլ հանցագործություններ դատապարտվել են մի շարք երկրների խորհրդարանների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու հաստատությունների կողմից։