Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Այս մասին գրել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:
Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ այս մասին տեղեկություն էր տարածել Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ Բեգլարյանին ներկայացնելով որպես ՀՀ քաղաքացի։
Օգոստոսի 1-ին ադրբեջանա-հայկական սահմանի հատվածում պետական սահմանապահ ծառայության զինծառայողները բերման են ենթարկել պետական սահմանը խախտած ՀՀ քաղաքացի, 1962 թվականին ծնված Ռաշիդ Արամայիսիի Բեգլարյանին։ Հայտնել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ սահմանի այդ հատվածն «անցնում է Լաչինի շրջանի Զաբուհ գյուղի տարածքով»:
Նաև նշվում է, որ այս փաստով հետաքննվություն է իրականացվում ։