Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախի նախագահի խոսնակը հերքել է Կարմիր շուկայի մասին լուրերը

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրով անցնող ճանապարհից հայկական զինված ուժերն իբր հանելու և այդ ճանապարհահատվածն ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ շրջանառվող  լուրերը ապատեղեկատվություն են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

 «Թեման հերթական անգամ է շրջանառության դրվում ու հերթական անգամ ստիպված եմ ասել, որ ապատեղեկատվություն է, որի տարածողները շատ լավ գիտեն, որ այսօր էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիները ժամանակավորապես օգտվում են այդ ճանապարհից: Սակայն դա որևէ կերպ չի կարող նշանակել «համատեղ օգտագործում», քանի որ այդ ճանապարհն ամբողջությամբ պատկանում է Արցախի Հանրապետությանը, և դրա կարգավիճակի փոփոխության հարց պարզապես չի կարող քննարկվել», ասաց Ավանեսյանը:

Արմենպրես