Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները շարունակելու են միջազգային ճանաչմանն ուղղված իրենց ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: Արցախի անկախության միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել նաև հանրապետության՝ Հայաստանի կազմ մտնելու հարցը»,- հայտարարել է Բելգարյանը:
Նա տեղեկացրել է, որ Արցախի իշխանությունները Երևանի հետ բանակցություններ են տանում Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ: «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա»,- ասել է Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ կարելի է պնդել, որ Հայաստանը փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների մեջ գործում են հորիզոնական կապեր՝ «ինչպես նմանը նմանի հետ»: