Չորեքշաբթի, 19 Օգոստոս, 2026

Արցախից բռնագաղթած ո՞ր ընտանիքներին կտրամադրվի կացարանի մասնակի վարձավճար

Արցախից բռնի տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման ծրագիրը մեծ մասամբ ներառում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցներին։

Ընտանիքները պետք է բաղկացած լինեն 2-3 հոգուց՝ ոչ ավելի. ունենան ՀՀ քաղաքացիություն, նախօրոք գրանցվեն սոցիալական բնակարանի հերթացուցակում. այս պայմաններն է նշել Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը։

 Միասնական սոցիալական գրասենյակում դիմումը լրացնելիս ընտանիքի բոլոր անդամները պետք է ստորագրեն, որ հրաժարվում են բնակապահովման հավաստագրից։ Թվային հարթակը կստուգի դիմումատուի տվյալները, որից հետո կհատկացնի բնակարանի վարձակալության աջակցություն։ Այն կփոխանցվի շահառուի բանկային քարտին։ Բնակարանի վարձակալության համար նախատեսված աջակցությունը տրվում է  10 տարի ժամկետով. ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 40 հազար դրամ։

Երևանում այս գումարը կլինի  բնակարանի վարձավճարի մասնակի փոխհատուցում, որովհետև մայրաքաղաքում վարձով տներն ավելի թանկ են, իսկ մարզերում գուցե ծածկի ամսական ամբողջ վարձավճարը։

Եթե անձը որոշել է օգտվել կացարանի վարձակալության ծրագրից, բայց հետո հրաժարվի դրանից, այլևս չի կարող օգտվել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված բնակապահովման հավաստագրի ծրագրից։