Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախը մեկուսացված է բոլոր հարցերում

Այսօր Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել․ տարածքային կառավարման մարմնի և պետական լիազոր մարմինների կողմից վաղվանից սկսվելու են բնակիչներին պատճառված վնասների գնահատման աշխատանքները. հայտնում է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Պետությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները արցախցիների առջև բնական աղետի հարուցած խնդիրները մեղմելու ուղղությամբ:

«Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցին բազմաթիվ զրկանքներ է կրել: Դրանցից են նաև այսպիսի իրավիճակները, երբ այս կամ այն արհավիրքին համատեղ ուժերով արձագանքելու և հետևանքները մեղմելու գործում քաղաքացիների ու պետական մարմինների առջև ծագում են բազմաթիվ խնդիրներ, քանի որ արգելափակված են անհրաժեշտ պարագաները Արցախ հասցնելու հնարավորությունները:

Երբ բնական աղետներից հետո աշխարհի նույնիսկ ինքնաբավ երկրներն աջակցություն են ստանում հարևան երկրներից, Արցախը երևի միակն է, որը դիտավորությամբ մեկուսացված է աշխարհից նույնիսկ հումանիտար հարցերում»,- գրել է Արցախի պետնախարարը։