Հունիսի 6-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր» 2021թ. հետազոտությունը, որի արդյունքներով ևս ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ունի ամենաբարձր վարկանիշը քաղաքացիների շրջանում։
Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակահատվածում անցկացված հարցման (2021թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2022թ. փետրվարի 4-ը) արդյունքներով՝ Արման Թաթոյանին վստահում է քաղաքացիների 81%-ը, չեզոք է վերաբերվում (ոչ վստահում, ոչ էլ չի վստահում) 9%, չի վստահում 7%-ը, չգիտի 2%-ը:
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն անցկացրել է նաև Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե ո՞ր հաստատություններին են առավել վստահելի համարում:
17 ինստիտուտների թվում, ըստ քաղաքացիների վստահության, առաջին տեղում է Մարդու իրավունքների պաշտպանը (Օմբուդսմենը):
Ըստ այս բաժնի՝ Արման Թաթոյանին լիովին վստահում է քաղաքացիների 61,2 %-ը, ավելի շուտ վստահում է 21,4%-ը, ոչ վստահում, ոչ էչ էլ չի վստահում 6,7%-ը, ավելի շուտ չի վստահում 3,8%-ը և ընդհանրապես չի վստահում 6,9%-ը:
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պաշտոնավարել է 2016թ. փետրվարի 23-ից մինչև 2022թ. փետրվարի 23-ը, իսկ «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) 2021թ. հետազոտությունն ընդգրկում է մինչև 2022 փետրվարի 4-ի ժամանակահատվածը:
«Քաղաքացիների 81 % վստահություն ունենալն անչափ պարտավորեցնող է. անձամբ իմ ու հետազոտության ժամանակաշրջանում ինձ հետ աշխատած մեր ողջ թիմի անունից անկեղծ երախտագիտություն եմ հայտնում մեր քաղաքացիներին նման բարձր վստահության համար: Այս անփոխարինելի պատվաբեր և պարտավորեցնող բարձր վստահությունն այն բանի արդյունք է, որ աշխատանքում եղել ենք մշտապես ազնիվ, սրտացավ, օբյեկտիվ ու իրապես անկախ: Առաջնահերթ է եղել մեկ բան՝ հավատարմություն մարդու իրավունքների պաշտպանության առաքելությանը»,-հրապարակմանն արձագանքել է Արման Թաթոյանը։:










