Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դուք կարծում եք Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը եզակի են մեր Եկեղեցու պատմության ընթացքում: Ո՛չ: Նրա իրավանախորդներից ոմանք նույնքան խավար են տարածել: Օրինակ, 19-րդ դարում մարդ են վարձել, որ սպանի մեր անվանի գրող Րաֆֆուն»:
Իր խոսքը հիմնավորելու համար տարածել է հրապարակումից հատված․ «Րաֆֆին փորձեց հիմք դնել աղջիկների կրթությանը, իգական դպրոցի բացման բոլոր նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ այդ ծրագիրը ևս տապալեցին հոգևորականները: Նրանք, քաղաքի գլխավոր քահանա տեր Հովսեփի գլխավորությամբ, շրջում են տնից տուն՝ համոզելով մարդկանց իրենց աղջիկներին կրթության չուղարկել, որ «Իգական դպրոցն անբարոյականացնող հիմնարկ է, և աղջիկներին անհարմար է բաց երեսով դպրոց գնալ, մանավանդ՝ տղամարդկանցից դաս առնել»: Րաֆֆու հանդեպ սարսափելի հալածանքներ են սկսվում: Հոգեւորականները կաշառում են ավազակապետ Քարամին՝ պատվիրելով սպանել Րաֆֆուն…»:
Իշխանափոխությունից հետո ԿԳՄՍ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանը այնքան անտեղյակ է մեր պատմությանն ու անցյալին, որ չգիտե՝ Հայաստանում օրիորդաց դպրոցները հիմնվել են Րաֆֆու ժամանակներում ու դրանից էլ առաջ։
Եթե դպրոցական պատմության դասագրքեր չի կարդացել, ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետում էլ չի սովորել այդ դասերը, կարող էր իր աշխատասենյակի համակարգչով վերոնշյալ գրառումն անելու ժամանակ գոնե Google-ում փնտրեր ու հաստատ կգտներ համապատասխան տեղեկություն Հայաստանի իգական դպրոցների ստեղծման տարեթվերի մասին։ Ու կիմանար, որ Րաֆֆուց առաջ են «հիմք դրել» իգական դպրոցների ստեղծմանը։
Նրա գրառումից անմիջապես հետո սոցցանցերի օգտատերերը մերկացնում, ի ցույց են դնում նրա գրառման հիմնազուրկ լինելը։