Բյուրականի՝ «Ազգային արժեք» պետական բարձր տիտղոս ունեցող աստղադիտարանը, ըստ տնօրեն Արեգ Միքայելյանի, «Ակադեմիական քաղաք»-ի մաս չի լինելու։ Թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մեկը մյուսից ավելի ակադեմիկ երեւալու համար, ամեն կերպ փորձում են համոզել, թե «Ակադեմիական քաղաք»-ը տեսանելի ապագայում միսուարյուն է ստանալու, բայց հասարակությունը հայտարարություններին լուրջ չի վերաբերվում։ Գուցե զուտ միայն այն պատճառով, որ 2018-ի իշխանափոխությունից ի վեր Փաշինյանի կաբինետն անընդհատ, պարբերաբար, ամիսը 2-3 անգամ խոսում է Մետրոյի՝ նոր կայարաններ շահագործելու մասին, բայց հայտարարությունները շարունակ դոփում են կենաց-խոստումների մակարդակում։
Ինչեւէ, եթե անգամ կառավարությունն իսկապես կյանքի կոչի «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարը, Միքայելյանը կարծում է՝ գործադիրն աստղադիտարանը՝ որպես ինստիտուտ, կլուծարի եւ ՊՈԱԿ-ի կարգավիճակ տալով՝ կմիավորի որեւէ բուհի՝ ենթադրաբար ԵՊՀ-ի հետ։
Ինչ վերաբերում է «Ակադեմիական քաղաք» գաղափարին, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուն գործընթացի մեջ թաքնված բացասական միտում է տեսնում։
«Ենթադրում եմ՝ ուզում են նորից կրճատումներ անել, որովհետեւ եթե գործընթացն սկսվի, «Ակադեմիական քաղաք» կրթական, գիտական եւ այլ հաստատությունների ամբողջ անձնակազմին, հաստատ, չեն տեղափոխելու, եւ, բնականաբար, կրճատումներ են լինելու»,- մտահոգություն է հայտնում գիտնականը։
Սեւակ Վարդումյան