Մենք համարում ենք, որ Քոչարյանի և երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է, և դա պետք է կանխել, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Եթե արդար ընտրվեն, հանցագործություն չի, բայց շատ վատ բան է, որ Վարդանիկն ընտրվեց Գյումրու քաղաքապետ։ Ինչի՞ արդյունքում. քոչարյանական, սարգսյանական և ռուսաստանցի օլիգարխական մի քանի ուժեր բաժանվեցին մի քանի բլոկների, և հետընտրական համագործակցությամբ Վարդանիկն ընտրվեց քաղաքապետ, ինչն ինքնին հանցագործություն չէ։ Բայց դրանից ուղիղ 6 ամիս անց Վարդանիկը ձերբակալվեց կաշառակերության մեղադրանքով։
Հիմա ի՞նչ կլինի տարբերությունը, եթե Քոչարյանն ու երկու օլիգարխները հաջողեն ստանալ մարդկանց մեծամասնության քվեն և գան իշխանության։ Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, որովհետև իրենք չեն թողնի, որ իրավապահներն անեն իրենց գործը։ Հետևաբար, ինչպե՞ս է պետք կանխել այս սցենարի իրագործումը. մարդիկ Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է տան 0 քվե, որովհետև տեսել ենք, թե նրանք ինչ իշխանություն են»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։
ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ իրենց նպատակն է, որպեսզի 2026 թվականի ընտրություններից հետո ունենան սահմանադրական մեծամասնություն, բացի այդ՝ պատկերացնում են, որ Քոչարյանն ու բոլոր օլիգարխները պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից։
«Գագիկ Ծառուկյանը խոշոր գործարար է, որն ուզում է ազդեցություն ունենալ քաղաքականության վրա։ Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, որը ստեղծել է կուսակցություն, դարձել է դրա ղեկավար և փորձում է ազդեցություն ունենալ ՀՀ քաղաքական դաշտի վրա։ Ես վստահ եմ, որ բոլորը հասկանում են՝ լավ չի լինի, եթե օլիգարխները հասնեն իշխանության»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
Հարցին՝ մի տեսակ Կիկոսի մահ չե՞ն սարքում՝ առաջ ընկնելով հնարավոր դաշինքներից, Ռուբինյանը չհամաձայնեց հնչած տեսակետի հետ՝ հիշեցնելով, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ ընտրությունների պետք է գնալ մի քանի բլոկով և համագործակցությամբ հեռացնել գործող իշխանությանը։
«Քոչարյանի թիմակից և Ծառուկյանի մոտ գործուղված Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ իրենց ուզածը Գյումրի 2 սցենարն է, ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի զարմիկը Հ1-ի եթերում հայտարարել է, որ իրենց ուզածը Գյումրիի սցենարի կրկնությունն է։ Հետևաբար ակնհայտ է, որ իրենց նպատակը դա է։
Հարցը Կիկոսի մահի մասին չէ։ Մենք ընդամենն ասում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին ընտրությունը լինելու է հետևյալի վերաբերյալ՝ մարդիկ քվե են տալիս գործող իշխանությա՞նը, թե Քոչարյանին և երկու օլիգարխներին՝ իրենց արբանյակների հետ միասին»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իշխանությունն ունի արդյոք փաստական տվյալներ, որ ընդդիմության կոնսոլիդացիան վտանգ է ներկայացնում իր համար։
«Անհանգստություն չկա, բայց մեր քաղաքացիները պիտի իմանան, որ մեր ընդդիմադիր գործընկերները որոշել են տարանջատվել միմյանցից կեղծ կերպով։ Կարծում եմ՝ ընտրություններին ժողովուրդը պետք է այրի կամուրջները Քոչարյանի և օլիգարխների հետ»,- ասաց նա։
Հարցին՝ այդ դեպքում ինչու հենց իշխանությունը չի այրում Քոչարյանի հետ կամուրջները, քանի որ վերջինիս պատկանող ընկերությունները մասնակցում են տենդերների և շահում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ Հայաստանն ազատ երկիր է, և ցանկացած տնտեսվարող կարող է վարել օրենքների շրջանակներում վարել իր տնտեսական գործունեությունը, իրենք երբեք չեն թաքցրել, որ քաղաքական դրդապատճառներով որևէ բիզնեսի նեղություն չեն տալու։





