Իսկ եղբայրական Ադրբեջան՞ը, որ ներկայացել է արտգործնախարարի մակարդակով միայն
Մարտի 1-ին Թուրքիայի զբոսաջրջության մայրաքաղաք Անթալիայում սկսեցին դիվանագիտական 3-րդ ֆորումի աշխատանքները: Նախորդը տեղի էր ունեցել 2022 թ.՝ մասնակցությամբ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի: Իրականում 3-րդ ֆորումը նախատեսվում էր կազմակերպել անցյալ տարի, սակայն 2023 թ. փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժը կազմակերպիչներին ստիպեց այն մեկ տարով հետաձգել: «Ճգնաժամերի շրջանում առաջ մղել դիվանագիտությունը» կարգախոսով անցկացվող այս ֆորումին 147 երկրից մասնակցում են 19 պատության և կառավարության ղեկավարներ, 73 արտգործնախարարներ՝ ներառյալ ՀՀ արտգործնախարարը, ինչպես նաև 80 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում է նաև «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ինքնակոչ նախագահ Էրսին Թաթարը:
Ովքե՞ր են միջոցառման մասնակից 19 պատության և կառավարության ղեկավարները, չհաջողվեց ճշտել, որովհետև ֆորումի պաշտոնական կալքէջն անգամ լռում է այդ մասին: Պարզապես թուրքական լրատվամիջոցները դժգոհում են, որ Արևմուտքի երկրները, մասնավորապես ԱՄՆ-ն ու Եվրոպական Միությունը, վերապահությամբ են մոտեցել ֆորումին: Այդ մոտեցումը, ըստ երևույթին, դրսևորել է նաև Ադրբեջանը. Թուրքական հանրային հեռուստատեսությունը՝ «TRT Haber»-ը նշեց. «Հայաստանի, Ադրբեջանի, Իրաքի, Հունգարիայի պես ավելի քան 60 երկիր ֆորումին մասնակցում են արտգործնախարարի մակարդակով»:
Ի դեպ, նույն աղբյուրի վկայությամբ՝ Սիրիան և Իսրայելը մերժել են հրավերը: Մնում է ենթադրել, որ Ֆորումին մասնակից պատությունների և կառավարությունների ղեկավարները մեծ մասամբ Աֆրիկայից են, իսլամական աշխարհից, մասամբ նաև՝ Բալկաններից:
Համենայն դեպս, Էրդողանի բացման ելույթից առաջ ֆորումի մասնակիցներին ողջունեց արտգործնախարար Հաքան Ֆիդանը: Հարկ է նշել, որ նա մինչ այդ երկկողմ հանդիպում էր ունեցել ՌԴ արդգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ըստ «TRT Haber»-ի, հանդիպմանը կողմերը քննարկել են Անկարա-Մոսկվա հարաբերություններին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին առնչվող հարցեր և անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին: Պարզապես չգիտենք դրանց մեջ հարավկովկասյան խնդիրները մտնո՞ւմ են, թ՞ե ոչ: Ուղղակի ռուս նախարարը, ինչպես թուրքական վերոհիշյալ աղբյուրը նշեց, Ֆիդանի հետ հանդիպանը տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորումը պայմանավորել է Թուրքիայի նախաձեռնությամբ:
Ֆիդանը հանդիպել է նաև Իրաքի, Ղազախստանի, Լիբանանի և Տաջիկստանի արտգործնախարարներին: Այս հանդիպումներից հետո նա ֆորումում մասնակիցներին ողջունեց, ապա Գազայի հատվածում տիրող ցեղասպանության բնույթ ստացած բռնության դեմ անգործության համար մեղադրեց միջազգային համակարգին՝ ավելացնելով. «Այդ իսկ պատճառով մենք ճգնաժամերի հաղթահարման համար առաջ ենք մղում դիվանագիտությունը»: Նա միաժամանակ «տարածաշրջանային պատերազմի» բռնկման սպառնալիքի առնչությամբ զգուշացրեց ներկաներին:
Ֆիդանից հետո ֆորումում բացման խոսքով ելույթ ունեցավ նախագահ Էրդողանը: Նա ելույթում Անթալիան համարեց գլոբալ դիվանագիտության սիրտը, մեղադրեց առկա միջազգային համակարգը, որն ի զորու չէ կատարել անգամ իր նվազագույն պարտականությունը, Թուրքիան բնութագրեց որպես Իրաք-Շամ իսլամական պետության դեմ պայքարող ՆԱՏՕ-ի միակ երկիրը, խոսեց այն ակտիվ և բազմակողմանի քաղաքականությունից, ինչը իրենք են վարում, նշեց Գազայում նահատակված 30 հազար անմեղ պաղեստինցիների մասին, ասաց որ պատերազմն անգամ իր կանոներն ունի, իսկ Գազայում տեղի ունեցածը պատերազմ չէ, այլ ցեղասպանություն, հանուն արդարության պայքարելու խոստում տվեց ֆորումին, ապա մատնանշեց պաղեստինցիների առջև միջազգային հանրության ունեցած պարտքը, որը պետք է վճարվի անկախ և ինքնիշխան Պաղեստինի ստեղծումով, ընդ որում՝ 1967 թ. սահմաններով: Ելույթի վերջում Էրդողանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացին, թե դա ձեռնարկել են «Ղարաբաղի 30-ամյա օկուպացումից հետո և ծավալում են Ադրբեջանի հետ համագործակցությամբ»:
Հակոբ Չաքրյան