ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն:
Այսօր պարզ դարձավ, որ իշխանության կողմից ներկայացված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 16 անդամներից 15-ը դիմումներ են գրել և հրաժարվել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամությունից: Իսկ եթե ևս մեկ անդամ դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի՝ ինչին հետևողականորեն ուզում են հասնել օրվա իշխանությունները: Նպատակը մեկն է. ինչպես իրենց իշխանությունը ծնկի եկավ թուրքի դեմ և կապիտուլացվեց, այդպես էլ ԵՊՀ-ն են ուզում ծնկի բերել և կապիտուլացնել այս ազգադավ իշխանության առջև: Միանգամից ասեմ՝ չի ստացվելու, 102-ամյա Մայր համալսարանը չի կարող ընկրկել հոգեկան տվայտանքի մեջ գտնվող մեկ անձի կամայական որոշումների ու անձնական հիվանդագին ցանկությունների առջև:
Մտահոգված լինելով վերոնշյալ խնդրով, այսօր ԵՊՀ գիտական խորհրդի 32 անդամներով դիմել ենք ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով:
Պահանջը մեկն է. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանության կողմից ներկայացված անդամների շարունակական, ոչ բարեխիղճ և անպատասխանատու գործելաոճի պատճառով ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի քննարկում և համապատասխան հայտարարության ընդունում:
Հ.Գ. ԵՊՀ գիտական խորհուրդը բաղկացած է 88 անդամից, պարզապես արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ էր անդամների 1/3-ի ստորագրությունը: Վստահ եմ, որ եթե ժամանակ լիներ և կարողանայինք մյուս անդամներին ևս տեղյակ պահել՝ այս պահանջի տակ կստորագրեին գիտական խորհրդի անդամների 90%-ից ավելին: Հոգ չէ, մնացյալը իրենց կարծիքը կհայտնեն արտահերթ նիստի ժամանակ»: