Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Այս ակցիան մխիթարանք է առաջին հերթին մեզ համար

ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, գրականագետ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանն ու բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանն այսօր վաղ առավոտվից ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեկօրյա հացադուլ են հայտարարել: Հացադուլը կրում է «Կանայք հանուն Արցախի» պայմանական խորագիրը: Հասմիկ Սիմոնյանի խոսքով` մեկօրյա հացադուլը նման իրավիճակներում ընդունված պրակտիկա է: 

– Հասմիկ, ինչպե՞ս ծագեց նման ակցիա իրականացնելու գաղափարը:

– Ես ու Անուշ Սեդրակյանը վաղ առավոտից սկսել ենք հացադուլ: Շարունակելու ենք մինչև վերջ:

– Եղե՞լ են ձեզ միացողներ:

– Սա մեր երկուսի նախաձեռնությունն է, մենք ուզում ենք, որ այն շարունակական լինի: Չենք ուզում, որ այն մեզանով վերջանա: Այո, կան մարդիկ, որոնք եկել են ու ցանկանում են մեզ միանալ, շարունակել հացադուլը:

– Ո՞րն է ակցիայի նպատակը:

– Ակցիայի նպատակը մեկն է` աջակցել Արցախին:

– ՄԱԿ-ի գրասենյակից արձագանք չի՞ եղել:

– Զուտ հարցուփորձի իմաստով եղել է, սակայն կոնկրետ քննարկումներ դեռևս չեն եղել:

– Դուք բավականին մտահոգ եք, սակայն Ձեր գրող, գրականագետ ընկերներից շատերն այնքան անտարբեր են, տպավորություն է, թե նրանց ոչինչ չի հետաքրքրում այս կյանքում՝ իրենց գրքերից բացի:

– Ես պատասխանատու եմ միայն ինձ համար: Այդ հարցը պետք է տաք իրենց: Բավականին բարդ հարց է:

– Չկա՞ն գրողներ, որոնք պատրաստվում են միանալ Ձեզ:

– Քանի որ այս ակցիան կոչվում է` «Կանայք հանուն Արցախի», ցանկալի է, որ մեզ միանան կին գրողներ: Գուցե շատերը դեռ անտեղյակ են: Կարող են տեղեկանալ և միանալ մեզ: Այս պահին մեզ միացել է արցախցի բանաստեղծ Հերմինե Ավագյանը: Էլի կան մարդիկ, որոնք մեզ հետ են, պարբերաբար գալիս են, գնում են:

– Կարո՞ղ են ակցիային միանալ նաև այն կանայք, որոնք կապ չունեն մշակույթի հետ:

– Այո, իհարկե: Անուշ Սեդրակյանն էր գրել իր էջում այս ակցիայի մասին, ես որոշեցի միանալ նրան:

– Արցախում տիրող այս օրհասական վիճակին ի՞նչ գնահատական կտաք:

– Շատ դժվար է…. փորձում ենք ապրումակցել, բայց ուրիշ է, երբ ապրում ես Հայաստանում` երևանյան իրականության մեջ ու ասում ես, որ ապրումակցում ես: Այս ակցիան մխիթարանք է առաջին հերթին մեզ համար: Արցախը մենակ չէ: Պետք է ցուց տանք մեր աջակցությունը….

– Իսկ վաղը շարունակվելո՞ւ է ակցիան:

– Այո, կշարունակվի: Մեկօրյա խորհրդանշական հացադուլ է սա, աշխարհում տարածված նման պրակտիկա կա: Վաղը մեզ փոխարինելու են այլ մարդիկ, գուցե երկու-երեք օրից նորից մենք իրականացնենք ակցիան:

– Վաղն ովքե՞ր են փոխարինելու ձեզ:

– Վաղը մեզ կփոխարինեն Անուշ Սեդրակյանի ուսանողուհին և արցախցի բանաստեղծ Հերմինե Ավագյանը:

«Հրապարակ»