Մենք այժմ տեսնում ենք ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև հեռակա բանավեճ, որն այս օրերին շատ բուռն է ծավալվում։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության բանավեճն արդյունք է նաև այն բանի, որ մոտենում ենք ընտրական նոր ցիկլի, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Իսկ ընտրական ցիկլերը ենթադրում են քաղաքական վերափոխումներ ամբողջ համակարգում։ Ի՞նչ եզրակացության կարող ենք գալ այդ վեճերից։ Առաջին՝ այդ վեճն այն մասին է, որ այս խորհրդարանում իրական ռեժիմում, եթե ֆորս մաժորներ չլինեն, մենք իմպիչմենթի գործընթաց չենք տեսնի։ Որովհետև ակնհայտորեն խորհրդարանական ընդդիմությունը պիտի ամբողջությամբ համախմբված լիներ։
Նույնիսկ այդ պարագայում շատ վիճահարույց էր իմպիչմենթի գործընթացը, եթե չկա փողոց, եթե չկա քաղաքական այլընտրանքային ծրագիր։ Այս հակադրությունը հենց այն մասին է, որ իմպիչմենթի գործընթացի հեռանկարը գրեթե թաղվում է մշուշում»,- ասաց բանախոսը։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի նման երկրներում իմպիչմենթի գործընթաց հնարավոր է, եթե կա ակտիվ փողոց, որն իշխանության ներսում ճաքեր է առաջացնում։
«Եթե այդ ակտիվ փողոցը չկա, դժվար է պատկերացնել, որ բուրգի ձևով գործող իշխանությունը ներսում ճաքեր կունենա։ Ակտիվ փողոցի համար էլ պետք է քաղաքական այլընտրանքային ծրագիր, այսինք՝ դուք պետք է հասարակությանը կարողանաք ոչ միայն փողոցում հավաքել, այլև՝ պահել։ Իսկ պահելու համար խոր հայրենասիրական ճառերը, կարգախոսները, անիրական խոստումները լավ ճանապարհ չեն։ Պետք է կարողանալ շատ ավելի կոնկրետ, վաղվա Հայաստանի տեսլականը ներկայացնել, որպեսզի կարողանաս հասարակությանը մոբիլիզացնել։ Հակառակ պարագայում Բագրատ սրբազանի շարժումը կհաջողեր, բայց չկար ծրագիր։ Կար փողոց, բայց չկար ծրագիր, և շարժումն աստիճանաբար գնաց մարման» ,- ասաց Սուրեն Սուրենյանը։
Քաղաքագետը միաժամանակ ընդգծեց՝ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի տարանաջատումները դրական էֆեկտ կարող են ունենալ այն իմաստով, որ չի կրկնվի 2021 թվականի ԱԺ ընտրությունների մոդելը, և հարավոր կլինի առաջիկա մեկ տարում ձևավորել քաղաքական այնպիսի մի այլընտրանք, որը որակապես կփոխի քաղաքական համակարգի այցեքարտը։
«Ռեբրենդինգ որ ասում եմ, հենց սա նկատի ունեմ։ Օրինակ՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը երեք-չորս այլ կուսակցությունների հետ խորհրդակցությունների մեջ է։ Մի բան կարող եմ հստակ ասել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ավելի բազմաշերտ և բազմասուբյեկտ են լինելու։ Սա տեսանելի է։ Միաժամանակ, ռեբրենդինգն ամենևին չի նշանակում, որ տիզերքից նոր քաղաքական ուժեր պետք է հայտնվեն, ուղղակի անհրաժեշտ է վերափոխել քաղաքական համակարգն այն տրամաբանությամբ, որ հասարակության հետ կոմունիկացիան շատ ավելի կենսունակ լինի։
Անկեղծ մի բան ասեմ՝ այսօր ընդդիմադիր դաշտում շեշտված առաջնորդ չկա, որ կարողանա կոնսոլիդացնել ամբողջ քաղաքական համակարգը։ Այդ դեպքում պետք է ստեղծվեն այլընտրանքային քաղաքակն ծրագիր, գաղափարներ և արդյունավետ հարթակ»,- ամփոփեց քաղաքագետը։