Միացյալ Նահանգների առևտրի նախարարի տեղակալը ինձ պաշտոնական նամակով հրավիրել է Վաշինգտոն. ԱՄն առևտրի նախարարությունում քննարկվելիք հարցերի մեջ ներառված է երկու բաղադրիչ՝ առաջինը «TRIPP»-ի ներդրումային ծրագիրն է, երկրորդը առհասարակ ամերիկյան խոշոր ընկերությունների, այդ թվում՝ առևտրային, ծառայություններ մատուցող ընկերությունների հնարավոր ներդրումային ծրագրերը, դրանց հնարավորությունները Հայաստանում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հիմա մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ենք անում, նաև զուգահեռ աշխատանք ենք տանում, և եթե նկատել եք, օրեր առաջ, օրինակ, ես հանդիպել եմ Starbucks ցանցի տարածաշրջանային տնօրենի հետ, այսինքն՝ նաև այդ մակարդակում՝ լոկալ, տեղային մակարդակում խոշոր բրենդների հետ և արդեն պետական մակարդակում կքննարկենք հնարավոր ներդրումային ծրագրերը։
Այս առումով մենք ևս ուսումնասիրում ենք ամերիկյան հնարավոր ներդրումների տեղերը, չափերը, ինչպես նաև և հուշում ենք գործընկերներին, որ այստեղ, օրինակ, այս բրենդը կարող է ներկայանալ, այս ոլորտում շուկայի հնարավորությունները այսքան են։ Մենք ինքներս ենք անում շուկայի տարողության գնահատում։ Մեր գործընկերները իրենք ևս գալիս են, և մի երկուսն էլ կա, որոնք ուղղակի ընթացքի մեջ են, և բրենդի հետ պայմանավորվածության արդյունքում չենք հայտարարում դրա մասին։ Խոսում ենք միայն այն դեպքում, երբ բրենդը համաձայն է, կամ ինչ-որ մի փուլի ենք հասել, որ իրենք արդեն ամենայն հավանականությամբ գալու են, և դրա մասին սկսում են խոսել։
Կան նաև այլ դեպքեր, երբ ակտիվ շուկայի խորքային հետազոտություն է հիմա իրականացվում, որպեսզի մեր շուկայի տարողությունը հասկանան, իրենց բրենդի հնարավորությունները, շահութաբերությունը հասկանան»,– նշեց նախարարը։
Նախարարը միաժամանակ նշեց՝ հայ–ամերիկյան համագործակցությունը միայն TRIPP–ի մասին չէ, այն շատ ավելի լայն է։
«Պատահական չէր, որ օրեր առաջ 135 մլն դոլարի վարկային համաձայնագիր ստորագրվեց «Արդշինբանկի» և «Կոնտուր Գլոբալի» միջև։ Ըստ էության՝ մեր լոկալ բանկը իրեն արդեն կարողանում է թույլ տալ ամերիկյան վերազգային կորպորացիային 135 միլիոն դոլարի վարկ տրամադրել։ Իհարկե, պրոցեսը մի փոքր ավելի շուտ էր սկսել, բայց այդ պրոցեսը բոլոր կողմերին վստահություն էր հաղորդել հենց օգոստոսի 8-ից հետո։
Ես կարծում եմ, որ մենք ապագայում ամերիկյան տնտեսության, ամերիկյան ապրանքանիշերի և ամերիկյան ներդրումների ավելի մեծ ներկայություն և շունչ կզգանք Հայաստանում»։