Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Միայն ճշմարիտ զրույց, էներգետիկ անվտանգության մասին
Նախորդ տարի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնողը հայտարարել էր, թե իբր ԱՄՆ-ի հետ աշխատանքներ են տանում (ինչ-որ թղթեր պիտի ստորագրվեն) նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Սրանից որևէ առարկայական բան դեռ չկա ու, իմ համոզմամբ, ոչ էլ կլինի:
Միևնույն ժամանակ, ՌԴ-ն ատոմակայան է կառուցում Թուրքիայում:
Սա Թուրքիայի առաջին ատոմակայանն է, և ուշադրություն, Թուրքիայի ատոմակայանը չի կառուցում ՆԱՏՕ անդամ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան, դա անում է ՌԴ-ն, ընդ որում մի մոդելով, որով դրա կառավարումը ամբողջությամբ ռուսական է լինելու: Այս ատոմակայանը լինելու է 4.8 գիգավատ հզորությամբ (ծրագրի արժեքը 25 մլրդ դոլար), ուղիղ վեց անգամ մեր ատոմակայանից հզոր, որը կազմելու է Թուրքիայի էներգետիկ պահանջարկի 10%-ը:
Հիշեցման համար, մեր ատոմակայանը 815 մեգավատ հզորությամբ է և ներկայում գործում է միայն մեկ բլոկը շուրջ 400 մեգավատ հզորությամբ և արտադրում է մեր երկրի էներգետիկ պահանջարկի, ուշադրություն, շուրջ 1/3-ը (մաթեմ. չիմացողների համար սա շուրջ 33% է):
Էլի ուշադրություն, սա կառուցել են ռուսները, խոսակցական ասած, սովետի թվին և մինչև հիմա էլ իրենք են կառավարում, անընդհատ երկարացնելով դրա գործունեության ժամկետը:
Ով տեղյակ չէ, ռուսները աշխարհում առաջին տեղում են ատոմակայաններ կառուցելու և շահագործելու գործում, դա անում են բոլորից ավելի լավ:
Եկեք ես այս անգամ ձեր համար չվերլուծեմ այս փաստերը, ինքնուրույն արեք:
Որպես վերջաբան, մի թողեք, որ ձեր գլուխը լցնեն քարոզչական աղբով: Դրա հետևանքները շատ ծանր են, այնքան ծանր, որ մեր կյանքի օրոք ամեն օր պետություն ենք մաշեցնում և փոշիացնում, բայց ձեզ խաբում են, թե զարգանում և ուժեղանում ենք, իսկ շատերդ էլ հավատում եք»:







