Իրանից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք։ Մենք ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել մեզ համար բարեկամական և եղբայրական Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ, այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցող ցույցերին՝ նա նկատեց՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ոչ մի տեղ և երբեք հանրահավաքները չեն արգելվել, և ՀՀ իշխանությունները չեն կարող առանձին վերցված դեպքի համար այլ կերպ վարվել։
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ կարծիքի արտահայտման ձևերը չպետք է խաթարեն Իրանի կամ որևէ այլ երկրի դեսպանատան աշխատանքը։
«Մենք ուշադիր կհետևենք Իրանի մտահոգություններին և ժողովրդավարական սկզբունքների շրջանակում կձեռնարկենք բոլոր միջոցները, որ բարեկամական և եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության որևէ խնդիր չառաջանա։ Այն մարդիկ, որոնք օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան վարույթներ։ Գիտեմ, որ վարչական վարույթներ են հարուցված մի քանի դեպքով», – նշել նա։
Անդրադառնալով «TRIPP» նախագծի վերաբերյալ Իրանի հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ անցած օգոստոսին Իրանի նախագահն այցելել էր Երևան, և այդ այցի շրջանակներում Հայաստանը պատասխանել է բոլոր հարցերին։ A
«Մենք ասել ենք, եթե հետագայում հարցեր ծագեն՝ մենք պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր ծագեն։ Քննարկումների ընթացքում մենք մեր միջազգային գործընկերների մտահոգություններն ու կարծիքները հաշվի առնում ենք և հնարավորինս փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս հավասարակշռված լուծումների գանք, ինչը կարծում եմ այս դեպքում ստացվել է», – ասաց Փաշինյանը։








