Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Օգոստոսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Նյու Յորքի Սրբոց  Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Մալխասյանի։ Այս մասին հաղորդում են Մայր Աթոռից տեղեկատվական բաժնից։

Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևորել է աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, ինչը լավագույն առիթ է հոգևոր նորոգության և հայրենասիրական զգացումների զորացման:  Նորին Սրբությունը պատգամել է նաև ներկաներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքները և շարունակել հայրենանպաստ գործունեությունը՝ նախանձախնդրորեն ներգրավվելով ազգային-եկեղեցական կյանքում։