Արցախյան վերջին պատերազմից հետո այդ երկրի արբանյակների մասին խոսակցությունները Հայաստանում կրկին ակտիվացան։
Ադրբեջանի արբանյակային պատմության հիմքերը դրվում են 2009 թվականին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության առջև դնում է խնդիր՝ զարկ տալու տիեզերական արդյունաբերությունը և Տիեզերք ուղարկելու այդ երկրի առաջին արբանյակը։
Սրանից մեկ տարի անց ստեղծվում է Azercosmos պետական կազմակերպությունը, որը պետք է կարգավորեր և համակարգեր ստեղծվելիք ադրբեջանական արբանյակների հետ կապված բոլոր խնդիրներն ու հարցերը։
Անցնենք ադրբեջանական առաջին արբանյակին՝ Azerspace-1-ին։
Սա հեռահաղորդակցման արբանյակ է, որը կառուցվել է ամերիկյան Orbital Sciences Corporation կազմակերպության կողմից։
Azerspace-1-ը Տիեզերք է ուղարկվել 2013 թ-ի փետրվարի 7-ին՝ Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից և երկրի ուղեծիր է բարձրացվել Եվրոպական տիեզերական գործակալության Ariane-5 կրող-հրթիռի միջոցով։
Այս արբանյակը Եվրոպան, Աֆրիկան և կենտրոնական Ասիան ապահովում է հեռուստաալիքներով, ինչը Ադրբեջանին բերում է մեծ եկամուտ։
Բայց նախքան եկամուտներին անցնելը, եկեք խոսենք ծախսերի մասին։
Ըստ Ադրբեջանի կապի և բարձր տեղնոլոգիաների նախկին նախարար Ալի Աբասովի՝ Azerspace-1 արբանյակի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 202,6 միլիոն դոլար։
Ինչպես արդեն ասացինք, արբանյակի մատուցած ծառայությունների համար Ադրբեջանը վճարվում է։ Սպասվում է, որ մինչև 2028 թ-ը Azerspace-1-ը Ադրբեջանին կբերի մոտ 600 միլիոն դոլար։
Ահռելի գումար է, չէ՞։
Անցնենք ադրբեջանական երկրորդ արբանյակին՝ Azersky-ին։
Azersky-ը, ի տարբերություն նախորդ արբանյակի, նախատեսված է Երկիր մոլորակի դիտարկման համար, այսինքն՝ հանդիսանում է մեր անհաշտ հարևանի աչքը Տիեզերքում։
Այս արբանյակը կառուցվել է Airbus Defence and Space ընկերության կողմից և Տիեզերք է ուղարկվել 2014 թ-ի հունիսի 30-ին՝ Հնդկաստանում գտնվող և Սատիշ Դհավանի անունը կրող տիեզերական կենտրոնից։
Azersky-ը հագեցած է բավականին հզոր տեսախցիկով և ըստ որոշ տվյալների՝ մեկ օրում կարող է լուսանկարել 6 միլիոն կմ/ք մակերեսով տարածք։ Համեմատության համար ասենք, որ Հայաստանի մակերեսն ընդամենը 29,743 կմ/ք է։
Նույն այն Ալի Աբասովի խոսքերով՝ երկրորդ արբանյակն Ադրբեջանի համար արժեցել է 157 միլիոն դոլար։
Եթե կհիշեք, Ադրբեջանի նախագահն այս տարվա հունվարին հայտարարեց, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ արբանյակների միջոցով հայկական զորքերի տեղաշարժին օնլայն եղանակով հետևելը իրենց մեծ առավելություն է տվել։
Կարծում ենք, որ այդ առավելությունը մեծամասամբ ապահովել է հենց Azersky-ը:
Վերջապես հասանք ադրբեջանական երրորդ և վերջին արբանյակին` Azerspace-2-ին։
Այս արբանյակը նույնպես աշխատում է հեռահաղորդակցման ոլորտում և կառուցվել է Space Systems Loral ամերիկյան կազմակերպության կողմից։
Azerspace-2-ը Տիեզերք է ուղարկվել 2018 թ-ի սեպտեմբերի 25-ին՝ նույն տիեզերակայանից ու նույն տիպի հրթիռով, ինչ Azerspace-1-ը։
Այս արբանյակը հեռուստաալիքներով է ապահովում Եվրոպան, կենտրոնական և հարավային Ասիան, ինչպես նաև աֆրիկյան որոշ երկրներ։
Ոչ պաշտոնական տվյալներով Azerspace-2-ը Ադրբեջանի համար արժեցել է մոտ 190 միլիոն դոլար, սակայն իր աշխատանքի 15 տարիների ընթացքում այն բերելու է կրկնակի ավել եկամուտ։
Նյութը` Տիեզերք/Space էջից, որը ներկայացրեց թուրքագետ Արգամ Եղիազարյանը։