Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Բաքվի պատրաստած փաստաթղթերի հիման վրա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարզ ասել է, որ Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Բաքվի պատրաստած փաստաթղթերի հիման վրա։ Նա այդ բանակցություններում դրական միտում է տեսնում։

Թե ինչ է նշանակում «դրական միտում», օկուպանտը չի մանրամասնել։

«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ: Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա: Այժմ մենք խաղաղության գործընթացում դրական միտում ենք տեսնում, սահմանների սահմանազատումը սկսվել է, ոչ միայն սահմանազատում, այլ նաև սահմանագծում»,- հայտարարել է  Ալիևը։

Նրա խոսքով` սահմանի սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի։

Ալիևը հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում։

«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, որոնք բխում են իրենց շահերից։ Այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»,-ասել է նա։