Բաքուն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության հայկական մշակույթը, պատմությունն իրենով անելու ագրեսիվ քաղաքականությունը օրեցօր սաստկացնում է։
Տեղեկատվական բոլոր հարթակներում՝ տեղական և միջազգային, Ադրբեջանը պետական ծրագրված քաղաքականությամբ առաջ է տանում հետևյալ գիծը՝ չկա Հայաստանի Հանրապետություն, կա Արևմտյան Ադրբեջան, որը հայերը յուրացրել են, կեղծել են պատմությունը և ադրբեջանական մշակույթը վերագրում են իրենց, իրենք էլ «պատմական արդարությունը վերականգնելու են, վերադառնալու են իրենց երկիր»։
Սա ոչ թե շարքային կեղծարաություն ու զրպարտանք է, այլ միջազգային հանցագործություն, որի վրա աչք են փակում բոլորը, և որ ամենասարսափելին է՝ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը։
Արցախի հայկական մշակույթը, քրիստոնեական եկեղեցիները մեր թշնամին անվանում է աղվանական, իսկ աղվաններն իբր իրենց քրիստոնյա նախնիներն են։
30 տարվա մեջ ոչ մի անգամ Ադրբեջանն այս աստիճանի սանձարձակ ու լկտի չի պահել իրեն, որքան վերջին տարիներին՝ ՀՀ իշխանությունների թողտվությամբ։
Դե եթե Հայաստանի ոչ բարով ղեկավարը հայտարարի, թե 30 տարի մենք խանգարել ենք Ադրբեջանին ապրել, հիմա էլ իրենք պետք է մեզ խանգարեն. ու դա ասի հանդուրժողաբար, ադրբեջանցիների սրտից ջուր խմելով, նրանց ասեղը թելելով, էլ ի՞նչ սպասել միջազգայնորեն ճանաչված մեր ոխերիմ բուն թշնամուց։
Բաքուն պատրաստվում է «Արևմտյան Ադրբեջան» մինի ֆուտբոլի առաջնություն անց կացնել։
Ադրբեջանում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության, կամ ինչպես իրենք են ասում՝ «Արևմտյան Ադրբեջանի 11 մարզերի ադրբեջանական պատմությունն ու մշակույթը»։
Նրանք ձեռքները հիմա էլ Մատենադարանին են գցել։
Ու Հայաստանից ոչ մի պատասխան, բողոքի ոչ մի նոտա, ոչ մի հակադարձում ու բողոք։
Կարծես թե ամեն ինչ ճիշտ ծրագրված սցանարով ու պայմանավորվածությամբ գնում է առաջ։
Ալիևը ոչ մի բառ օդում հենց այնպես շաղ չի տալիս. հանդուրժողականության, «խաղաղասիրության» քարոզչությամբ հող է նախապատրաստվում Հայաստանը 300 հազար ադրբեջանցիներով լցնելու համար։