Մինչ Հայաստանում, «խաղաղության բերկրանքը վայելելով», ոմանք փորձում են հրաժարվել Արարատի նույնիսկ խորհրդանշական լիցքից, ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնա». նկատում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
***
Փաշինյանն անգամ ԵԽԽՎ ամբիոնից բարկացավ «Զանգեզուրի միջանցքի» մասին իրեն հարց տվող եվրոպացի պատվիրակի վրա, թե՝ որտեղի՞ց եք լսել այդ արտահայտությունը։
Որտեղի՞ց պետք է լսեր կամ լսենք…Ադրբեջանն ու Թուրքիան օրը հազար անգամ «Զանգեզուրի միջանցք» են ասում ու հայտարարում դրա հետ կապված իրենց մեծ երազանքի՝ թուրանական միասնական կայսրություն ստեղծելու մասին։
Այնպես որ, որքան էլ Հայաստանի ղեկավարը իբր վրդովվի, բարկանա «Զանգեզուրի միջանցք» եզրույթից, իրականությունը դրանից չի փոխվի, բոլորը թքած ունեն նրա վրդովմունքի, հոխորտանքի վրա։

Վարդան Ոսկանյանը տեղեկացնում է.
Վերջերս Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական կառույցներից մեկի աջակցությամբ ինչ-որ ադրբեջանական ՀԿ-ի կողմից ստեղծվել է, այսպես կոչված, «Զանգեզուր» երգը և դրա տեսահոլովակը՝ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից տեսանյութերի օգտագործմամբ։
Համաթուրանական ծավալապաշտութան տխրահռչակ «ոգով» գրված այս ագրեսիվ «երգում» ոչ միայն չեն խորշել հիշատակել Արարատ լեռը (ըստ դրանց՝ «Աղրիդաղ»), այլ նաև «Զանգեզուրը» ներկայացնել՝ որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ։
Ստորև՝ ադրբեջաներենից թարգմանաբար ներկայացնում եմ այդ «երգ» կոչեցյալի սկիզբը և կրկներգը։

«Աղրիդաղից փչող քամին
Հազարավոր տարիներ ճամփա է գալիս։
Ցնծացե՛ք, Թուրանի ցեղեր,
Միավորող բազուկն է գալիս։
Ուժը՝ Երկնային Աստծուց,
Սերմը Նոյից է գալիս։
Սրտից մտնում՝ հոգու մեջ,
Պոռթկումով հոգուց է գալիս։
Ծագումը օղուզական ցեղից է,
Քաջի զավակ, քաջաց ցեղից է,
Ճանապարհը հաղթության ճամփա է՝
Զանգեզուր»։
Խտապատկերում «տեսահոլովակ» կոչեցյալի այն հատվածն է, որտեղ կադրեր են Նորավանքի ճանապարհից։
***
Azg.am-ը միտումնավոր չի տեղադրում ադրբեջանական երգի տեսահոլովաակը՝ խնայելով ընթերցողների նյարդերը, նաև ջուր չլցնելու ադրբեջանցիների ջրաղացին, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Հայաստանի իշխանություներն են մեզ այս վիճակին հասցնողները, նրանք են պատասխանատու այս իրողության համար։ Երբ աթոռը պահելու համար ամեն ինչ պատրաստ ես լինում, դրա գինը երկրի ու պետության կործանումն է։