Ադրբեջանցի 40-ից ավելի պատգամավոր նամակ է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախագծերը։
Ըստ այդ երկրի լրատվամիջոցների՝ այդպիսով ադրբեջանցի պաշտոնյաները ցանկանում են պատասխանել ամերիկացի կոնգրեսականների՝ Էնթոնի Բլինքենին ուղղված նամակին, որով նրանք կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին «ռազմական հանցագործությունների, գերիներին ազատ չարձակելու և Հայաստանի տարածքի օկուպացիայի համար»:
Ադրբեջանցի պատգամավորները մեղադրել են ամերիկյան կողմին, ինչպես նաև Փարիզին՝ Բաքվի հետ իրենց հարաբերությունները փչացնելու, հայամետ դիրքորոշում վարելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չընդունելու և տարածաշրջանում նոր հակամարտություն հրահրելու համար:
Բացի այդ՝ ադրբեջանցի պատգամավորները նաև մտահոգություն են հայտնել, որ կոնգրեսականներն օգտագործում են առաջիկա COP29 համաժողովը՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: