Ադրբեջանական բանակի զինծառայողին կեղծ մեղադրանքներով ազատազրկելը, ինչպես նաև պատժի խստացումը և այն ցմահ ազատազրկմամբ փոխարինելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին. այսօր հայտարարել է Ադրբեջանի օմուդսմեն Սաբինա Ալիևան։
«Հայաստանի այս սադրիչ քայլը լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքների համար։
Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ հայկական կողմը պետք է անհապաղ ազատ արձակի ադրբեջանական բանակի ապօրինի բանտարկված զինծառայող Հուսեյն Ախունդովին, ինչպես նաև մեր զինծառայող Ագշին Բաբիրովին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկի նրանց մեր երկիր վերադարձնելու համար»,- ասել է այն երկրի օմբուդսմենը, որը հայերի է առևանգում և շինծու դատավարություններով նրանց մեղադրում Խոջալուի «ցեղասպանության» մեջ, մինչդեռ իրենց զինվորը հատել է հայ-ադրբեջանական սահմանը, ներթափանցել հայկական գյուղեր, զբոսնել, նկարահանել, ֆեյսբուքյան լայվով ասել, որ հայերին պետք է մորթել ու ինքն էլ սպանել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին։