Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Փարիզը բարոյական իրավունք չունի Բաքվին մեղադրելու մարդու իրավունքների խախտման մեջ։

Ադրբեջանում խոսքի ազատության դեմ ենթադրյալ հարձակումների և ձերբակալությունների վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի  հայտարարությունը միջամտություն է երկրի ներքին գործերին։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք կտրականապես մերժում ենք Եվրոպական գործերի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մարտի 8-ի հայտարարությունը խոսքի և մամուլի ազատության դեմ ենթադրյալ հարձակումների, ինչպես նաև Ադրբեջանում կամայական ձերբակալությունների մասին։ Նման անհիմն և կողմնակալ հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, քննչական գործընթացին և դատական ​​համակարգի անկախությանը»,- ասվում է ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ Փարիզը բարոյական իրավունք չունի Բաքվին մեղադրելու մարդու իրավունքների խախտման մեջ, քանի որ Ֆրանսիայում «տարածված են կաշառակերությունն ու կոռուպցիան օրենսդիր կառույցներում, իսլամաֆոբիան և մահմեդականների վրա հարձակումները»։

«Ադրբեջանում հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությունը լիովին ապահովված են։ Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի երկրի ներքին գործերին»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Փարիզը կոչ է արել երկրի իշխանություններին հարգել մամուլի և արտահայտվելու ազատությունը՝ հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան։