Ադրբեջանը շարունակում է սպառազինություններ և ռազմական տեխնիկա գնել, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Բաքվի պահանջների առումով իրավիճակը բավական տագնապալի է. մասնավորապես, ի տարբերություն 44-օրյա պատերազմին նախորդող շրջանի՝ գնումների մասշտաբների և տեսականու մասին տեղեկությունն այժմ շատ առումներով գաղտնի է։
«Դա իրավիճակն ավելի անկանխատեսելի է դարձնում։ Հատկապես որ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով հայտարարում է՝ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում»,- նշեց Աբրահամյանը։
Պատգամավորը շեշտեց՝ Բաքուն ոչ միայն չի կատարում իր պարտավորությունները, այլև հանդես է գալիս նոր սպառնալիքներով և պահանջներով։ Դրանք պահանջներ են նաև Հայաստանի «ապառազմականացման» մասին, ինչն ակտիվորեն պտտվում է և աստիճանաբար արմատավորվում Բաքվի օրակարգում։
«Որոշակի ինստիտուցիոնալացում է ստանում նաև ադրբեջանցիների Հայաստան այսպես կոչված «վերադարձի» նարատիվը։ Կարծում ենք, որ Բաքուն պերմանենտ ճնշման միջոցով փորձում է այս նարատիվը պարտադրել պաշտոնական Երևանին»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով ադրբեջանցիների, այսպես կոչված, Հայաստան վերադարձի հարցին՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ Ադրբեջանը ոչ միայն փորձում է փակել արցախցիների Արցախ վերադարձի ճանապարհը՝ ցույց տալով, թե դրանք մեկ հարթության մեջ են, այլ նաև պարտադրել, որ դրույթի չիրականացման դեպքում այլ պայմաններ իրացվեն։
«Այս պահին ՀՀ իշխանություններն առավելագույնը փորձում են զիջողականություն դրսևորել, բավարարել պահանջները, բայց իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղած ցանկով չի սահմանափակվում և հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչը ուղեկցվում է շանտաժի և սպառնալիքների մոտեցմամբ»,-ասաց նա