Ադրբեջանը մտադիր է փոփոխություններ կատարել Ռուսաստանի քաղաքացիների համար ժամանակավոր կեցության ժամկետի կանոններում, խոսքը, մասնավորապես, վերաբերում է երկրում գտնվելու ժամկետին, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրելէ, որ Ռուսաստանը մինչ այդ կրճատել էր կեցության ժամկետը օտարերկրյա քաղաքացիների համար։
Նրա խոսքով՝ առաջիկայում Արդբեջանը նախատեսում է շտկումներ կատարել երկրում ռուսաստանցի քաղաքացիների կեցության ժամկետները կարգավորող կանոններում, «քանի որ ռուսական կողմի պահանջների խստացումը առաջին հերթին դիտարկվում է Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների համատեքստում»։
«Ադրբեջանը, ինչպես արտաքին քաղաքական ցանկացած հարցում, կառաջնորդվի ժամանակավոր կեցության եւ միգրացիայի հարցերում հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով»,- ավելացրել է Հաջիզադեն։
Ինչպես հայտնել է «Коммерсант»-ը, օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է առանց վիզայի օտարերկրացիներին օրացուցային տարվա ընթացքում 90 օրից ավելի մնալ երկրում։ Ըստ նորամուծությունների՝ օտարերկրացիները պետք է գրանցվեն իրենց բնակության վայրում՝ ՌԴ սահմանը հատելու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025թ. հունվարի 1-ից։ Ներկայում գտնվելու թույլատրելի ժամկետը 180 օրվա ընթացքում 90 օր է եւ 1 տարվա ընթացքում՝ 180 օր։