«Ադրբեջանը, Բերձորի ճանապարհի փոխարեն, մեզ համար այլընտրանքային ճանապարհ է կառուցում՝ Հայաստանից Արցախ մեկնելու համար»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում այսօր այս մասին ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Այլընտրանքային ճանապարհը, Հայկ Նահապետյանի փոխանցմամբ, ադրբեջանական կողմը կառուցում է այսօր իրեն հսկողության տակ գտնվող տարածքում, սակայն, մեզ՝ հայերիս, համար. «Իհարկե, Ադրբեջանը որոշակի ծախսեր է կատարում այս ուղղությամբ, սակայն, սա ինքնանպատակ չէ։ Սրանով, Ադրբեջանը ցանկանում է հայաթափել Արցախի այն հատվածները, որտեղով անցնում է այսօրվա. (շուտով արդեն նախկին) ճանապարհը, որովհետև, ի տարբերություն այսօրվա ճանապարհի, որն անցնում է Արցախի համար ստրատեգիական նշանակություն ունեցող հայկական բնակավայրերի և գյուղերի միջով, այս նոր ճանապարհն ամայի տարածքում է, որը պետք է հսկի, բնականաբար, ռուսական կողմը։ Ստացվում է, որ այսօրվա ճանապարհը սահմանակից է հայկական բնակավայրերին, իսկ նոր ճանապարհը, որ կառուցվում է նույն միջանցքի տրամաբանությամբ, շրջանցելով Բերձորի և հարակից շրջանների գյուղերը, նպաստելու է, որպեսզի կարճ ժամանակ անց, կտրվելով գլխավոր ճանապարհից, այդ գյուղերն ու բնակավայրերն ուղղակիորեն, հայաթափվեն։ Այնտեղ ռուսական խաղաղապահների կարիք, ըստ էության, այլևս չի զգացվի։ Այսինքն, ստացվելու է, որ Բերձորի և հարակից շրջանների ապրողների համար լուրջ անվտանգային խնդիրներ են առաջանալու»,- ասում է ռազմական փորձագետը։
Նրա արձանագրմամբ՝ նոր կառուցվող ճանապարհը զուգահեռ է Բերձոր բնակավայրին, սակայն, տեղանքն ադրբեջանական կողմի համար ընտրվել է այնպես, որ լիովին շրջանցի հայկական բնակավայրերը՝ լինելով դրանցից բավական մեծ հեռավորության վրա։
Անդրադառնալով Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հայտարարությանը, որով վերջինս հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնախմբի հայ անդամներին հորդորում էր անհապաղ հրաժարականներ ներկայացնել և հեռանալ պետական պաշտոններից՝ սրանով, հրաժարվելով նաև մասնակիցը դառնալ ազգակործան սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ «Ես այդ ելույթը չեմ լսել, հետևաբար, չեմ կարող հստակ կերպով ասեմ, թե ի՞նչ է նկատի ունեցել պարոն Ղազարյանը, սակայն մի բան հստակ է՝ հանձնաժողովի աշխատանքն արագ կերպով չի լինելու։ Դա բավական աշխատատար և ժամանակատար պրոցես է։ Բացի այդ, Հայաստան – Ադրբեջան հարաբերությունները, ներառյալ նաև Արցախի հարցը, հիմնվում են երեք հիմնարար փաստաթղթերի կամ հայտարարությունների վրա՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նույն թվականի նոյեմբերի 26-ի փաստաթղթերի վրա։ Այդ փաստաթղթերում նշվում է թե՛ դելիմիտացիայի և դեմարկացիայի, թե՛ կոմունիկացիաների բացման հարցերը։ Հիմա, երբ պարոն Ղազարյանը հորդորում է հայկական հանձնախմբի անդամներին հրաժարականներ ներկայացնել, պետք է հաշվի առնի, որ հիմնվելով վերոնշյալ փաստաթղթերով ձեռք բերված համաձայնությունների վրա, հրաժարականներ ներկայացնելու պարագայում, այլընտրանքն անխուսափելի պատերազմն է լինելու։ Չեմ կարծում, թե պարոն Ղազարյանը սա է նկատի ունեցել»,- ամփոփելով զրույցն« ասում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Աղբյուր` Փաստինֆո