Ադրբեջանական ոչ կառավարական մի խումբ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: Իրենց կոչում նրանք դատապարտել են ՛՛հայամետ մի շարք կոնգրեսականների փորձերը՛՛՝ նշելով, թե նրանք իբր ՛՛միջամտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին՛՛:
՛՛Կարծում ենք, որ Բայդեն–Բլինքենի դարաշրջանի ՛՛հայամետ գործիչները՛՛ փաստացի բացահայտ սադրանք են իրականացրել Հարավային Կովկասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ ջանքերի դեմ։ Վերջերս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպում են ունեցել Աբու Դաբիում։ Հաղորդվում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, իսկ խաղաղ գործընթացի առաջմղման բարդ ու լուրջ աշխատանքը շարունակվում է:
Այս ֆոնին ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների կոչերը գործընթացին ՛՛խանգարելու, արհեստականորեն լարվածություն ստեղծելու՛՛ և տարածաշրջանում հակամարտության ՛՛նոր օջախ հրահրելու՛՛ փորձ են: Խորը ափսոսանք է առաջացնում, որ տարածաշրջանի հետ ոչ մի առնչություն չունեցող և նրա խնդիրների մասին պատշաճ իրազեկվածություն չունեցող անձինք անպատասխանատու հայտարարություններ են ստորագրում՝ ԱՄՆ-ում հայկական լոբբիի կողմից ՛՛նյութական խրախուսման դիմաց՛՛ (չակերտները-խմբ.),- ասված է Ադրբեջանի մի շարք ՀԿ-ներիի տարածած նամակում։
Նամակի հեղինակները հայտարարել են, թե ակնկալում են Թրամփի վարչակազմի աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության գործում:





