Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ «իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը»

Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է:

Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը, ըստ հայաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության, իրավունք է տալիս Հայաստանին ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

«Հակառակ միջազգային հանրության կոչերի՝ Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ էլ ավելի սրելով իրադրությունը և խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը», – ասված է հաղորդագրությունում:

Ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ, ԱԳՆ-ն հայտարարում է, որ հայկական կողմը «պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»:

Հիշեցնենք, որ շարունակում է լարված մնալ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի և Սիսիանի հատվածներում։ Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք և հրաժարվում են դուրս գալ։ Հայկական կողմը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ Մի շարք երկրներ նույնպես դատապարտել են ադրբեջանական կողմի գործողությունները։ 

ՌԴ ԱԳՆ-ն որպես հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության երկարաժամկետ լուծում տեսնում է սահմանների անհապաղ դելիմիտացիան։

Նախօրեին ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմն ունի մեկ զոհ։