«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն տևական ժամանակ գաղտնալսել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրի դատավորներ Դավիթ Հարությունյանին և Արման Հովհաննիսյանին, որոնք մասնագիտական հանրությանը հայտնի են որպես անկախ, մասնագիտական ու մարդկային որակներով առանձնացող դատավորներ։
Ընդ որում, պարզվում է, գաղտնալսումներն իրականացվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտում շուրջ 2.5 տարի քննվող՝ դատավորներին զրպարտելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, սակայն ինչպես Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Արշակ Վարդանյանի և Վազգեն Ռշտունու պարագայում, այնպես էլ այս դեպքում ԱԱԾ-ին չի հաջողվել որևէ «հետաքրքիր» բան հայտնաբերել դատավորների դեմ։
«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ դատավոր Դավիթ Հարությունյանը վիճարկել է իր իրավունքները սահմանափակող որոշումը, ինչի արդյունքում դատարանի՝ դատավորի իրավունքների խախտումն արձանագրող և դրանք վերացնելուն պարտավորեցնող դատական ակտերի ուժով գաղտնալսումները դադարեցվել են։ Այլ խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ դատավոր Դավիթ Հարությունյանին գաղտնալսել են ապօրինի կերպով, իսկ գաղտնալսումների արդյունքում դատավորի հեռախոսազրույցների վերծանման արդյունքում ստացված տեղեկատվությունը ճանաչվել է անթույլատրելի, վերացվել։ Դավիթ Հարությունյանը ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ճանաչվել է տուժող, իսկ է դատավոր Արման Հովհաննիսյանը՝ հարցաքննվել։
Հարկ է արձանագրել, որ դատավորներին գաղտնալսելով՝ ԱԱԾ-ն չի կարողացել որևէ կոմպրոմատ գտնել դատավորների վերաբերյալ, որպեսզի կարողանան վերահսկել նրանց անկախությունը ու պարտադրեն իշխանությունների հետաքրքրության ներքո գտնվող գործերով կայացնել իշխանահաճո որոշումներ, ուստի գործի է դրվել կարգապահական վարույթների գործիքակազմը։
Դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ արդեն իսկ կան հարուցված կարգապահական վարույթներ, որոնցից մեկը կարճվել է, մյուսի վերաբերյալ միջնորդությունը ԲԴԽ-ում կքննվի առաջիկա օրերին։ Մեր ունեցած տեղեկություններով՝ քննարկվում է նաև դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հնարավոր կարգապահական վարույթի հարուցման հարցը՝ հիմքում դնելով Ռուբեն Վարդազարյանի իրավունքների խախտումն արձանագրող որոշումը։
Հիշեցնենք, որ քրեական գործը, որի շրջանակներում դատավորները գաղտնալսվել են, հարուցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019թ մայիսի 18-ի որոշումից հետո:
Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես «Վանոյի Արտակ», գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը:Այս գործը տարիներ շարունակ ԱԱԾ-ն քննում է ու դարձրել է գործիք անկախությամբ առանձնացող դատավորների նկատմամբ օպերատիվ- հետախուզական գործողություններ իրականացնելու համար։
ԱԱԾ քննչական դեպարտամենտում շուրջ 2.5 տարի քննվող քրեական գործով դատավորներ Մխիթար Պապոյանը, Արշակ Վարդանյանը և Դավիթ Հարությունյանը տուժող են ճանաչվել։ Վազգեն Ռշտունին ու Արման Հովհաննիսյանը՝ հարցաքննվել։
Աղբյուր` Փաստինֆո





