«Ֆրանսիան պետք է կանգնած լինի եղբայրական ժողովուրդների, եղբայրական երկրների կողքին, որոնք ենթարկվում են սպառնալիքների, որոնց տարածքային ամբողջականությունն է ենթարկվում սպառնալիքների ու հարձակումների:
Ինչպես գիտեք, սեպտեմբերի իրադարձությունները շատ աղմուկ հանեցին Ֆրանսիայում: ԱԺ-ն արձագանքեց դրան, մենք մի բանաձեւ ընդունեցինք, որը պահանջում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի դադարեցում եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատում: Մենք նաեւ դիմեցինք Ֆրանսիայի կառավարությանը՝ պահանջելով շարունակել իր միջնորդական գործունեությունը, ամրապնդել աջակցությունը Հայաստանին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քննարկումների գործընթացը վերահաստատել, որպեսզի վերջապես մշակվի որոշակի լուծում»,-հունվարի 13-ին, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն:
Նա մտահոգություն է հայտնել, որ Բերձորի միջանցքը փակ լինելու պատճառով մարդասիրական օգնության կարիքն ավելի է սրվում Արցախում։ Նրա պնդմամբ՝ պետք է Արցախը դուրս գա շրջափակումից, ժողովրդավարական արժեքներն այլևս չոտնահարվեն, մարդիկ ազատ տեղաշարժի իրավունքից օգտվեն և այլն։
Ֆրանսիայի ԱԺ նախագահը նաև մտահոգված է Արցախի պատմամշակութային կոթողների ճակատագրով։
«Այսօր կարող են ոչնչացվել մոտ 1500 հայկական պատմական և մշակութային ժառանգության նմուշներ: Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Ժառանգությունը մի ողջ ժողովրդի կյանքն է, մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բոլոր կողմերի միև երկխոսությունը, որ հասնենք կայուն ու խաղաղ լուծման»,-ասել է նա։