Հայաստանի Հանրապետությունն այսօր դժվարին կացության մեջ է գտնվում և ունի յուրաքանչյուրիս կարիքը: Այդ մասին ասվում է ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդի տարածած հաղորդագրության մեջ։
«Որպես Հայաստանի հանրապետության քաղաքացիներ`մենք խիստ մտահոգված ենք երկրում առկա իրավիճակով և խստորեն դատապարտում ենք ցանկացած հակասահմանադրական քայլ, որն ուղղված է մեր պետականության դեմ: Այսպիսի իրավիճակում լռությունը և անտարբերությունը անընդունելի է ու մահաբեր: Հաշվի առնելով ներկայիս ծանր ներքաղաքական իրավիճակը և վերջին օրերին դրա լուծման նպատակով կազմակերպվող քաղաքացիական անհնազանդությունները’ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում Գերաշնորհ Տեր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա գլխավորած «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը:
Այս դժվար օրերին կարևոր է գիտակցել, որ միայն համախմբված լինելով մենք կարող ենք հասնել մեր նպատակին: Երիտասարդ սերունդն է վաղվա օրվա երաշխավորը»։