Քպ-ն կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցին։
Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մանակցել։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը։ Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Կողմ է քվեարկել 67 պատգամավորներ։
Քվեարկությանը մասնակցել է միայն ՔՊ-ն։
Ինչպես տեղկացրել ենք, ԱԺ փետրվարի 8-ի նիստում հրապարակվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը, ըստ որի՝ «Իզմիրլյան ԲԿ» նախկին տնօրեն, պատգամավոր Արմեն Չարչյանը, ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 58212116 քրեական գործով Արթուր Ռոբերտի Սարգսյանին («Հաց բերող») ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում որպես փորձագետ, 2017 թվականի փետրվարի 8-ին տվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 17-0202 ակնհայտ կեղծ եզրակացությունն այն մասին, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները, նաև «Բեխտերևի» հիվանդությունը ներկայիս դրսևորումներով չեն դասվում Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման 2-րդ հավելվածով, նաև 37-րդ կետով սահմանված՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:
Մինչդեռ Արթուր Սարգսյանի մոտ կենդանության օրոք առկա է եղել «Բեխտերևի» հիվանդությունը՝ ոսկրամկանային համակարգի ախտահարման ծանր պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ապարատի և նրա կազմի մեջ մտնող օրգանների ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումով, պրոգրեսիվ ընթացքին բնորոշ շարակցական հյուսվածքի համակարգային աուտոիմուն ախտահարումներով, համապատասխանել է Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին: