Խաչատուր Սուքիասյանից, որը ցանկացած ՔՊ-ականի նման ՀՀ գոյաբանական թշնամին է, որևէ բարոյական բան ակնկալելն անիմաստ է։ Քանի դեռ մեր մեջ նման մարդիկ գոյություն ունեն, մենք մեծագույն խնդիր ունենք մեր գոյության հեռանկարի հետ։ Սուքիասյանների, փաշինյանների և մյուսների անպատժելիությունն անխուսափելիորեն բերելու է հայ պետականության կործանման, եթե աստվածային հրաշքին հավասարազոր իրադարձություններ տեղի չունենան։
Սուքիասյանի միակ երազանքը հայ-թուրքական սահմանը բացելն է և որպես օլիգարխ՝ Հայաստանը թուրքական էժան ապրանքներով հեղեղելն ու տեղական գյուղատնտեսությունը վերջնականապես ոչնչացնելը , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի երեկվա այն պնդմանը, որ 2023 թվականին արցախցիները չեն կռվել և ընդամենը 10 զոհ են ունեցել:
Ավելի ուշ Սուքիասյանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր. «Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ որևէ միտում չի եղել։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»։
Ըստ Ալեքսանդր Քանանյանի՝ ի դեմս ՔՊ-ի՝ գործ ունենք էությամբ անբարոյական անձանց և նրանցից բաղկացած թիմի հետ, որտեղ յուրաքանչյուր մեկի խորքային և արմատական անսկզբունքայնությունը նույնանում է իր անբարոյականության հետ։
«Այդ անբարոյականությունն ունենում է ամենատարբեր սանձարձակ դրսևորումներ՝ երբեմն անկառավարելի, որովհետև այդ մարդիկ շատ վաղուց գտնվում են կատարյալ անպատժելիության մթնոլորտում։ Նրանք խորապես համոզված են, որ իրենց կատարած հակապետական, կործանարար քայլերի համար երբեք պատասխանատվության չեն ենթարկվի։ Ուստի անսկզբունքայնությունը, դրա հետևանք անբարոյականությունը պետք է բազմապատկել անպատժելիությամբ, և կստանաք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջական պատկերը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ալեքսանդր Քանանյանի խոսքով՝ ՀՀ վաչապետը, ոտնահարելով անկախության հռչակագիրը, որի համաձայն Արցախը, Խորհրդային Հայաստանի հետ միասին, Հայաստանի Հանրապետության համահիմնադիր միավորն էր, Ադրբեջանին է հանձնել Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները, Սյունիքի մատույցները։
«Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին դրած ստորագրության պատճառով Արցախը հայտնվել է փաստացի շրջափակման մեջ, մարդիկ պատանդառվել են՝ Արցախում գտնվող ՀՀ բանակային կորպուսով հանդերձ։ Որովհետև այն, ինչ սովորաբար կեղծ դիվանագիտական մղումներով կոչվում էր արցախյան բանակ, իրականում ՀՀ Զինված ուժերի հատուկ նշանակության կորպուսն էր, որը բացարձակ իրավասությամբ գտնվում էր Արցախի տարածքում։
Դրանից հետո, երբ Արցախն ամբողջովին Նիկոլ Փաշինյանի հանցավոր և հայաաստանակործան ստորագրությամբ հայտնվեց բացարձակ շրջափակման մեջ, մարդիկ ամիսներով ուտելիք չեն ունեցել, որևէ դիրք և պաշտպանություն չեն ունեցել, արտաքին աջակցության որևէ հույս չեն ունեցել։
Եվ դեռ այսքանից առաջ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերին Հայաստանում գտնվող Արցախի քաղաքացիական բնակչությանն արտամղել է մի տարածք, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը չէր կարող անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել։ Նա սեփական երկրի քաղաքացիներին ռուսական կեղծ և զրոյական հավաստիացումների ներքո ուղարկել է դահճի դուռը՝ Արցախի մնացորդը զրկելով պաշտպանության կազմակերպելու որևէ հեռանկարից»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։
Ամփոփելով՝ մեր զրուցակիցը ընդգծեց՝ թերևս շատ նվիրյալներ կգնային մեկուսացված, դավաճանված և անգամ Ադրբեջանի մաս ճանաչված Արցախի դիմադրության կազմակերպմանը, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին ազգային միասնականությունը դարձել է ամենածաղրված և ոտնահարված հասկացություններից մեկը։
P. S. Առանձին ՔՊ-կանների՝ ինչպես օրինակ գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և Գյումրու ընտրությունների օրը լրագրողի նկատմամբ լկտի պահվածք դրսևորած, այնուհետև ներողություն խնդրած և մանդատը վայր դրած արդեն նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի (առավել հայտնի որպես՝ Նավակ ճոճող) կեցվածքը վերլուծելիս ակամայից հարց է ծագում՝ շատ չե՞ն «պատահական», «շփոթմունքի» հետևանքով նրանց կողմից արված սխալները՝ արարքները, մեղա եկող հայտարարությունները, ներողությունները։ ՔՊ-ի ներկայացուցիչների մոտ մի տեսակ սովորություն չի՞ դարձել մարդկանց անհարկի վիրավորելը, նրանց նկատմամբ սանձարձակ արտահայտություններ թույլ տալը, իսկ հաջորդ օրն ընդամենը ներողություն խնդրելը՝ ասես ոչինչ չի եղել։
Իսկ հնարավո՞ր է, որ արցախցիների մասին սխալ պնդումներ անելը մարդկային պարզ շփոթմունքով բացատրող Խաչատուր Սուքիասյանը «սխալվեր» և հայտարարեր, օրինակ, Արցախում 300 զոհի մասին։ Ինչո՞ւ 10, ինչո՞ւ միշտ ի վնաս արցախցիների շահերի։