Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Factor.tv-ին տված հարցազրույցում հայտարարեց կուսակցության նախագահ Հայկ Մարությանը:
«Ընտրություններին մասնակցելու պատճառն այն է, որ մեր պետությունը նախ ունի արտաքին լրջագույն խնդիրներ, իսկ եթե խոսենք ներքին խնդիրների մասին՝ մեր քաղաքական ուժը տեսնում է, որ այն ինչ հնարավոր է անել, արվում է դրա շատ փոքր տոկոսը: ՕԳԳ-ն ինչ անում է այսօր կառավարությունը, շատ փոքր է»,- հայտարարեց Մարությանը:
Հարցին՝ եթե Փաշինյանը չառաջադրեր Ձեզ քաղաքապետի թեկնածու, Դուք քաղաքական կարիերա կունենայի՞ք, Փաշինյա՞նն է Ձեզ քաղաքականություն բերել, նա արձագանքեց. «Այդպես չէ, որովհետև Փաշինյանը չէ որ ինձ քաղաքականություն է բերել, կամ թույլ տվել մի տեղից ելույթ ունենամ: Այս դեպքում լրիվ հակառակն է եղել: Ես և իմ աջակիցներն ու ընկերները միացել ենք, փորձել ենք մաքսիմալ օգնել այդ ժամանակ ՔՊ-ի ստեղծած շարժմանն ի դեմս Փաշինյանի: Ընդհանրապես ես շատ վաղուց եմ քաղաքականության մեջ ոչ երևացող դերում»:
Նա նշեց, որ դեռ 88 թվից բակի երեխաներով վազել են ու միացել Օպերայի հավաքներին սովետական միությունից անկախանալու, իսկ դրանից հետո էլ ներքին քաղաքական պրոցեսների մեջ մասնակցել է, բայց որպես ժողովրդի մի մասնիկ:
Ինչ վերաբերում է նրան, եթե Փաշինյանն իրեն չաջակցեր արդյոք կընտրվեր քաղաքապետ, Մարությանն ասաց, որ հեղափոխությունից հետո դա առաջին ընտրությունն էր և շատ կարևոր ընտրություն էր:
«Կարծում եմ՝ շատ ճիշտ է արել Նիկոլ Փաշինյանը, որ մասնակցել է, բնականաբար, այդ ամեն ինչն ավելի ուժեղացել է իր մասնակցությամբ, և երկրորդն էլ, դա ընդհանուր հաղթանակ էր: Պատկերացրեք, որ այդ հաղթանակն էլի մեծ հաղթանակ լիներ, բայց ինքը մասնակից չլիներ, չեմ կարծում որպես քաղաքական գործչի դա իրեն ձեռնտու լիներ»,- շեշտեց նա:
Մարությանը վստահեցրեց, եթե անգամ Փաշինյանը չմասնակցեր քարոզարշավին, վստահաբար ինքը հաղթելու էր:
Հարցին՝ ինչու չհաղթեց անցած քաղաքապետի ընտրություններին, նա ասաց.
«Նախ տարիների տարբերություն կա, բայց ավելի հետաքրքիր տարբերակն Աժ ընտրություններն են, երբ ՔՊ-ն շատ ավելի քիչ ձայներ հավաքեց, քան Երևանում հավաքել էր, երբ ես քաղաքապետի թեկնածու էի:
Անցած տարվա ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունն իրականում չունի ժողովրդի աջակցությունը»: