Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին իր զարմանքն է հայտնել Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունների մասով, թե Հայաստանը եվրոպական երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարձակումներ է կազմակերպել Ադրբեջանի դեսպանությունների դեմ:
«Ես ուղղակի զարմացած եմ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից, թե Հայաստանը եվրոպական երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարձակումներ է կազմակերպել Ադրբեջանի դեսպանությունների դեմ: Դրանք լիովին անհիմն հայտարարություններ են, և կարծում եմ` ակնհայտ է, որ եթե լինեին նման փաստեր` Ադրբեջանը վաղուց հրապարակած կլիներ»,-ասել է Փաշինյանը և հավելել․ «Հայաստանն իրապես անկեղծ նպատակադրված է տարածաշրջանում խաղաղությանը: Իհարկե, դա հասարակ հարց չէ, դա շատ խորը խնդիր է, բայց ինձ թվում էր, որ և՛ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի, և՛ այլ միջազգային առաջնորդների միջնորդությամբ մեր մի քանի հանդիպումների արդյունքներով մենք ունենք ընդհանուր ընկալում, որ պետք է ձգտենք և ձեռնարկենք կոնկրետ քայլեր, որպեսզի հաստատենք խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում:
Ակնհայտ է, որ դրա համար պետք են քայլեր, և Հայաստանի Հանրապետությունը, կարծում եմ, մենք դա ցույց ենք տվել, մեր կառավարությունը պատրաստ է նման քայլերի: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ այդ գործընթացում Ադրբեջանից միակ ակնկալիքը կառուցողականությունն է»,-ասել է նա: