Հայաստանում կառուցապատողներից բողոքներ են հնչում, որ շուկայում նկատվում է ցեմենտի դեֆիցիտ, գինը բարձրացել է. նոր նախագծով առաջարկում է ցեմենտի ներմուծման համար կիրառվող տուրքը նվազեցնել՝ 14 հազար դրամի փոխարեն սահմանելով 9 հազար դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի ներմուծման տուրքը հանել: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն:
Նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ 2019 թվականին Իրանում որոշակի տնտեսական զարգացումների հետևանքով այնտեղ արտադրված ցեմենտի գինն այնքան էր նվազել, որ սկսել էր լայն թափով մտնել հայաստանյան շուկա: Տեղական արտադրողին պաշտպանելու համար որոշվել էր տուրք կիրառել: Հայաստան ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար կիրառվեց 14 հազար դրամ տուրք: Այսպիսով` ցեմենտի ներկրումը դարձավ լիցենզավորվող գործունեություն: «Այսպիսով` յուրաքանչյուր տոննա ներկրվող ցեմենտի գինը արհեստականորեն բարձրացրեցինք 14 հազար դրամով, որպեսզի տեղական արտադրողները մրցակցությանը դիմանան»,-նշեց Թունյանը:
Այս կարգավորման գործողության ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է, հետո նաև ցեմենտի հումքի՝ կլինկերի ներմուծման տուրք սահմանվեց՝ 2 հազար դրամ:
«2019-ին ցեմենտի ներկրման կշիռը հասել էր 25 տոկոսի, հաջորդ տարիներին աստիճանաբար նվազեց: Եվ 2021 թվականին ներկրվող ցեմենտը 5 տոկոսի սահմաններում էր: Էապես աճեց Հայաստանում ցեմենտի արտադրությունը, անցյալ տարի արտադրվել է 853 հազար տոննա ցեմենտ, ինչը աննախադեպ է նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում»,-ասաց Թունյանը: