Այսօր կեսօրին ռամկավար-ազատական մի խումբ ընկերներ այցելեցին Հայաստանում Լիբանանի դեսպանություն՝ ցավակցություն ու զորակցություն հայտնելու Լիբանանի պետությանն ու ժողովրդին՝ ի դեմս արտակարգ եւ լիազոր դեսպան՝ տիկին Մայա Դաղերի։
Նախքան դեսպանատուն մուտք գործելը, պատվիրակության անդամները կանթեղ-մոմեր վառեցին մուտքի մոտ զետեղված բազմաթիվ մոմերի ու ծաղկեփնջերի կողքին՝ ի հիշատակ Բեյրութի նավահանգստի մոտ օգոստոսի 4-ին պատահած կործանիչ պայթյունի զոհերի։

Տիկին դեսպանը ողջունելով պատվիրակության անդամներին՝ երախտագիտություն հայտնեց Հայաստանի պետությանն ու ժողովրդին՝ դժվարին այս օրերին զորակցելու եւ նեցուկ կանգնելու Լիբանանին ու նրա ազգաբնակչությանը, որը, ինչպես ասաց տիկին դեսպանը, առհավատչյան է մեր երկու երկրների միջեւ գոյություն ունեցող դարավոր բարեկամության ու սրտակցության, որի ապացույցներից մեկն էլ օրերս Բեյրութ ուղարկված մարդասիրական օգնությունն էր Հայաստանից։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ «ԱԶԳ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը նախ ներկայացրեց պատվիրակության անդամներին եւ ապա ասաց, որ Լիբանանի ցավը «ուրիշի ցավ» չէ մեզ համար։ Բազմաթիվ աղետներ ու տառապանքներ կրած հայ ժողովուրդը լավագույնս է հասկանում կատարված ողբերգությունը եւ, ավելացրեց, որ Լիբանանը դա հին Փյունիկեն է, իսկ փյունիկ թռչունը, ինչպես ծանոթ է հին առասպելաբանությունից, մոխիրներից միշտ ծնվող, վերածննդյան խորհրդանիշն է։
Այնուհետեւ զորակցության խոսք ասացին պատվիրակության մյուս անդամները՝ Թեքեյան Մշակութային միության Միացյալ Նահանգների եւ Կանադայի Կենտրոնական վարչության Հայաստանում ներկայացուցիչ Գայանե Մուրադյանը, Հայաստանում Էկվադորի հանրապետության պատվո հյուպատոս Վահե Դարբինյանը եւ ուրիշներ։

Պատվիրակության անդամները, որի շարքում էին նաեւ հայտնի պատմաբան Սուրեն Սարգսյանը, ՌԱԿ Ալեք Մանուկյան ակումբի նախագահ՝ իրավաբան Արմեն Սաքապետոյանը, տնտեսագետ Արտակ Անդրեասյանը եւ azgonline.am կայքէջի պատասխանատու Արմեն Մանվելյանը, մտահոգություն հայտնեցին օրերս Բեյրութ այցելած թուրքական պատվիրակության՝ «մարդասիրական» օգնության քողի տակ արած հրձիգ եւ խիստ շահախնդիր հայտարարությունների առթիվ։
Հրաժեշտ տալով տիկին դեսպանին՝ պատվիրակությունը կրկնեց Լիբանանի ժողովրդին նեցուկ կանգնելու իր պատրաստակամությունը։