Երևանի ավագանու՝ ոչ լեգիտիմ, 9 տոկոս ձայներ հավաքած անդամ Տիգրան Ավինյանն այսօր հերթական սպառնալիքն է հնչեցրել երևանցիների հասցեին, որ ուղեվարձ չվճարող քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու։ Սա բացարձակապես ապօրինի գործելաոճ է, որը ցույց է տալիս, որւ Տիգրան Ավինյանի նյարդերը տեղի են տալիս։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
«Տիգրան Ավինյանի մոտ սրացումներ են սկսվել։ Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացման դեմ, իրենց իրավունքն են իրացնում, նրանց ձայնը միահամուռ ուժերով բարձրացվել է։ Մարդիկ նախ դեմ եղան 300 դրամ ուղեվարձին, ինչից քաղաքային իշխանությունները վախեցան, փոխեցին 150 դրամի։
Երևանցիները հասկացել են, որ իրենց, կներեք, հիմարի տեղ են դրել և 150 դրամը ևս բոյկոտում են։ Իսկ քաղաքային իշխանությունների ուշքն ու միտքն այն է, որ ուղևորները փաթեթներ գնեն։ Բայց մարդիկ փաթեթներ չեն գնում։ Եթե այդքան «դուխ» ունեն, թող «դուխով» գլխարկներով մտնեն ավտոբուսներ և ասեն, որ երևանցիները պետք է փաթեթներ գնեն»,- ասաց Գևորգ Ստեփանյանը։
Ըստ ավագանու անդամի՝ քաղաքացիները կտրականապես դեմ են տրանսպորտի սակագնի թանկացմանը, և Տիգրան Ավինյանին այլ բան չի մնացել, քան սպառնալիքներով խոսել երևանցիների հետ։
«Բայց նահանջ չի լինելու. ինչքան սպառնան, այնքան ավելի շատ մարդկանց ենք ներգրավելու, որ բոյկոտը շարունակեն։ Կրկնում եմ՝ սա ժողովրդի կարծիքն է, նրա սահմանադրական իրավունքը՝ չվճարել մի բանի համար, ինչը չի ստանում։
Մարդիկ առավոտյան ժամերով կանգնած են կանգառներում, սպասում են իրենց ավտոբուսներին, բայց տրանսպորտը չի գալիս։ Այսօր, օրինակ, մի քաղաքացի 43 րոպե սպասել էր 15 համարի ավտոբուսին և ուշացել աշխատանքից. նյարդային վիճակում ասում էր՝ Տիգրան Ավինյանը թող գա, իր 180 հազար դոլար արժողությամբ էլեկտրական մեքենայով ինձ տանի աշխատանքի։
Ո՞նց եք պատկերացնում, որ քաղաքային իշխանության ներկայացուցիչներից մեկնումեկը մտնի ավտոբուս, իսկ վարորդներին էլ հրահանգ են տվել քաղաքացիների հետ ագրեսիվ լինել»,- ասաց մեր զրուցակիցը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամի խոսքով՝ սպառնալիքի լեզվով խոսելը ոչ լեգիտիմ իշխանությունների հերթական քայլն է՝ երևանցիների հետ գնալ առճկատման, նրանց պահել վախի մթնոլորտի մեջ։
«Այն ժամանակ ասում էին՝ եթե տրանսպորտի սակագինը 300 դրամ չդարձնենք, մանկապարտեզներ և խաղահրապարակներ չենք ունենա, հիմա էլ ասում են՝ 150 դրամ չվճարեք՝ նոր տրոլեյբուսներ չենք կարողանա գնել։ Մարդկանց հետ ուլտիմատումով են խոսում՝ ուրիշ ոչինչ»,- ամփոփեց Գևորգ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավորական նիստին առաջարկել էր տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող և անվճար երթևեկող քաղաքացիների հարցում «անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառմանը»։