«Տեսե՞լ եք՝ ինչպես են լափում նիկոլականները․ ինքնամոռացու անթաքույց։ Լափում են ամեն ինչ՝ օգնության քնապարկեր, ասֆալտ, պատվաստանյութեր, տոնածառ, սիգարետ…». Աղասի Ենոքյան

132

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը, պետբյուջեն և ընտրությունները…
Մի քանի բյուջետային նկատառումներ այն մասին, թե ինչու Նիկոլին չի կարելի թույլ տալ, որ ընտրություններ անցկացնի։

Տեսե՞լ եք՝ ինչպես են լափում նիկոլականները․ ինքնամոռացու անթաքույց։ Լափում են ամեն ինչ՝ օգնության քնապարկեր, ասֆալտ, պատվաստանյութեր, տոնածառ, սիգարետ, կանխիկ փող, զրահաբաճկոն, կալաշնիկովներ՝ ամեն ինչ։

Ու երբ բռնացնում ես լափելու պահին, փշրանքներն էլ չեն մաքրում արդեն ճերմակող մորուսի ու բեղիկների վրայից, բայց կարողանում են քեզ վրա հառել անմեղ աչուկները ու լիքը բլդուղով քրթմնջալ․ «Էդ ես չեմ, էդ նախկիններն են», ու շարունակում են ծամել։

Քանի որ ունեն շատ տարտամ պատկերացումներ պետականության ու Հայրենիքի մասին, ուստի տեղյակ չեն, որ կան բաներ, որոնք չի կարելի լափել։ Օրինակ, «Հայաստան» հիմնադրամից լափածից դեռ շատ երկար է ցավալու փորերը։

Ու նաեւ՝ բացարձակ չեն տարբերում իրենց գրպանը պետական բյուջեից։ Օրինակ, Նիկոլի հանրահավաքին մարզերից բերած ավտոբուսներին ոչ մի կերպ չէր կարելի կառավարության որոշումով գումար հատկացնել։

Դիմեիք օլիգարխներին, ձեր կուսակցական հիմնադրամից մուծեիք, ԱԱԾ-ով վախեցնեիք-փողը չտայիք՝ բայց ոչ բյուջեից վճարեիք։

Հիշում եք, չէ՞, որ Արցախի ընտրություններում իր թեկնածուի հաղթանակն ապահովելու համար մի սորոսականի բյուջեից միլիոններ հատկացրեց։

Եվ ուրեմն, այսպիսի բյուջետային պատկերացումներով Նիկոլը ուզում է ընտրություններ անել, ընդ որում, այս ընտրությունների վրա նա դնելու է բոլոր դրույքները, քանի որ Նիկոլի համար սա կենաց եւ մահու խնդիր է… «Մահ-բանտ, կամ հաղթանակ-ազատություն», ընտրություններում պարտվելու դեպքում նա լավագույն դեպքում կազատազրկվի։

Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ է կատարվելու բյուջեի հետ․ ընտրողներին տեղամաս բերող ոչ միայն ավտոբուսները, այլեւ տաքսիներն ու հեծանիվներն են վճարվելու բյուջեից, բյուջեի հաշվին քյաբաբ ու օղի են հյուրասիրելու քվերակության սեղանների մոտ, եւ վերջապես մրցունակություն ապահովելու համար կմեծանա ընտրակաշառքը՝ բյուջեից ամեն ՔՊ ընտրողի կտրամադրվի 20 հազարական դրամ՝ եթե պետք լինի՝ ամեն մեկի համար կառավարության առանձին որոշում կընդունվի։ Եթե բյուջեում ինչ-որ մնացորդ էլ մնա՝ բիթքոին կառնեն, որ հաջորդ իշխանությանը մի քոռ կոպեկ էլ չհասնի։

«Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղը» շատ մեղմ է Նիկոլի դեպքում, իրենից հետո կարող է լինել նաեւ երկրաշարժ, հրաբխի ժայթքում, երկնաքարերի կարկուտ, համաճարակ, պատերազմ (չնայած համաճարակն ու պատերազմը արդեն իր օրոք է), մորեխների արշավանք կամ մարսեցիների հարձակում՝ այդ ամեն ինչի վրա իրենք պետք է որ թքած ունենան, քանի որ արդեն ցմահից երկար բանտարկություն չեն շալակի պարտության դեպքում։

Իսկ բոլոր կեղծիքները մեկտեղելով՝ հաղթանակ փախցնելու դեպքում առավել եւս թքած կունենան․ եթե մեկը բողոքի ցրտից ու սովից, միանգամից ասֆալտին կպառկեցնեն, պատերով կծեփեն ու ծակը կկոխեն։

Որ անկապ քաղաքացիների վրա իզուր մեր փողերը՝ բյուջեն, չծախսեն»։