Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հետ է կանչել իր անդամներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) պատվիրակությունից. հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Մենք չենք կարող աշխատել Վեհաժողովի հետ նման պայմաններում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պետք է վերադառնա իր հիմնարար արժեքներին, որոնք հիմնված են ժողովրդավարության և ժողովրդի կամքի նկատմամբ հարգանքի վրա։ Եթե մենք չենք հարգում միմյանց ինքնիշխանությունը, չենք հարգում քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը, ապա միջազգային համագործակցության սկզբունքների քննարկումը չափազանց դժվար է դառնում։
«Եվ «Վրացական երազանքը», և «Ժողովրդական իշխանությունը» որոշել են հետ կանչել իրենց անդամներին ԵԽԽՎ-ում Վրաստանի խորհրդարանական ներկայացուցչությունից»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլին նշել է, որ պատվիրակության անդամներն առանձին դիմել են ԵԽԽՎ նախագահին՝ իրենց լիազորությունները դադարեցնելու խնդրանքով։
Նա հավելել է, որ տեղյակ կպահի ԵԽԽՎ նախագահին՝ նշելով, որ կառույցում այս պահին Վրաստանի խորհրդարանի անդամներ չկան։